Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք կինոռեժիսոր Զեքի Դեմիրքուբուզի «Անթեղ» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմն ընդգրկված է «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում:
Լրագրողների հետ զրույցում Դեմիրքուբուզը նշեց, որ միշտ անհարմար է զգում խոսել իր և իր կատարած աշխատանքի մասին: Նա, այնուամենայնիվ, տեղեկացրեց, որ իր ֆիլմը չունի գլխավոր և երկրորդական հերոսներ:
«Ֆիլմը, առհասարակ, հերոս չունի, ունի 3 կերպեր, ովքեր հակահերոսներ են` ինչպես իմ բոլոր ֆիլմերում: Սա միգուցե նրանից է, որ ես չեմ հավատում հերոսների գոյությանը: «Անթեղը» պատմում է մարդկային բնույթի մասին. իրականում ես միշտ իմ ֆիլմերը ստեղծում եմ կենտրոնանալով մարդու բնույթի վրա, և չեմ մտածում` ինչպես կընկալի հասարակությունը: «Անթեղում» ներկայացնում եմ մարդկային բարոյականության և էթիկայի հակասությունը»,-ասաց կինոռեժիսորը:
Հարցին, թե վերջին շրջանում թուրքական ֆիլմերը հիմնականում սոցիալական թեմաներով են, այդ ինչպես է, որ կինոռեժիսորը շրջանցել է այս թեման` Դեմիրքուբուզը պատասխանեց, որ ինքն իր առջև երբեք նպատակ չի դրել երկրի սոցիալական թեմաները վերհանել: Ըստ նրա` իրեն ավելի շատ մարդկային հոգեբանությունն է հետաքրքրում: «Բացի այդ, բաժանումները, թե այս մի ֆիլմը սոցիալական է, մյուսը` ոչ, վտանգավոր են, քանի որ դրանց արդյունքում ֆիլմը կարող է գաղափարախոսության գործիք դառնալ, իսկ արվեստը, ինձ համար` կինոն, միակ վայրն է, ուր ինձ լիարժեք ազատ եմ զգում: Դրա համար էլ պետք է զգույշ լինել ֆիլմերի թեմատիկան ընտրելիս, քանի որ իրականում, երբ նայում ենք վեպերին, պիեսներին, զգում ենք, որ այնտեղ որոշակի գաղափարախոսություն կա` վատ իմաստով, ազգային ինչ-որ հարցեր վերհանելու խնդիր, դրա համար էլ ես նախընտրում եմ չօգտվել դրանցից»,-ասաց կինոռեժիսորը:
Ըստ նրա` իր սերնդակիցները շատ են հետաքրքրված սոցիալական, քաղաքական խնդիրներով, և հիմա ամբողջ աշխարհը, այդ թվում և Թուրքիան, այդ թեմաներիվրա է արվեստում շեշտը դնում: Դեմիրքուբուզին համոզված է` դասակարգային խտրության մասին ֆիլմերին զուգահեռ` պետք է նաև մարդկանց պատմությունները ներկայացնել, այսինքն` ցույց տալ այն, ինչ կրում են մարդիկ իրենց ներսում: