Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-07-07 12:02
Հասարակություն

էդ խեղճ մարդը, 10 տարում ի՞նչ պետք ա աներ. Սեյրան Սարոյան

էդ խեղճ մարդը, 10 տարում ի՞նչ պետք ա աներ. Սեյրան Սարոյան

Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողներին մեղադրեց անարդարություններ տարածելու մեջ: Հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է անարդարության դեմ պայքարի մասին, ՀՀ-ում ովքե՞ր են անարդարություն սերմանողները, Սարոյանը պատասխանեց` լրագրողները:

«Դուք, բա էլ ո՞վ: Չեղած տեղից բաներ կհնարեք, կխոսաք` էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում ա տուրուդմփոց, էլ մուտիլովկա»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ես շատ գիտեմ` ով ա արդար, ով ա անարդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն՝ ով ա անարդար, հերը կանիծեն, էդ ա»:

Հարցին՝ 10 տարի Սերժ Սարգսյանին չի՞ հաջողվել պարզել` ո՞վ է անարդար, նա արձագանքեց. «Լսի, դարերով կայացած պետություններ կան, որ հլը խելքի չեն գալիս: Ջահել պետություն ենք: Սերժ Սարգսյանը 10 տարում ի՞նչ պետք ա աներ: Կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը: Հետո մեր ազգից ա գալիս, մեր մենտալիտետից ա գալիս. սաղս մեկս մեկի վրա շառ ենք անում: Ո՞ր մեկս իրեն կարգ ու կանոնով պահեց, որ մեկ էլ մյուսի վրա մուննաթ ա գալիս»:

Սարոյանը չհամաձայնեց, թե նախագահը թույլ է տալիս, որ թալանեն երկիրը: «Ո՞վ ա, է, թույլ տալիս, տենց բաներ մի' խոսա, կյանքում երկրի նախագահը թույլ կտա՞` բան գողանան: Պաշտոնյաներն էլ բիզնես են անում, հարստանում են»,- նշեց նա:

Հարցին՝ չի՞ կարծում, որ Սերժ Սարգսյանը, ով, ինչպես ասում է, չունի կախարդական փայտիկ, տեղը պետք է զիջի, պատգամավորը պատասխանեց. «Ո՞ւմը, դե մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք: Հենց կբերես, կզիջենք»: