Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին: Թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նա մասնավորապես խոսել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված` Թուրքիայի առաջընթացի զեկույցի մասին, որի հեղինակը Փիրին է: Զեկույցով առաջարկվում էր 2019թ. Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունների գործընթացը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Մենք չենք առաջարկում անմիջապես վաղը դադարեցնել բանակցությունները: Այլ խորհուրդ ենք տալիս առկախել բանակցությունները այն դեպքում, եթե 2019թ. ընտրություններից հետո ուժի մեջ մտնեն նաև հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխությունները»,- ասել է ԵԽ պատգամավորը:
Փիրին շեշտել է, որ Թուրքիայում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքներն և օրենքի գերակայությունը: «Բանակցությունների առկախումը չի նշանակում, թե Թուրքիայի հետ համագործակցությունը դադարեցվելու է, երկխոսությունը՝ ընդհատվելու: Սակայն այս պայմաններում ԵՄ անդամակցության մասին խոսել հնարավոր չէ»,- հավելել է նա:
Պատգամավորը նաև քննադատել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ առանց միջազգային դիտորդների զեկույցին սպասելու` Թուրքիայի հանրաքվեի արդյունքները ընդունելու քայլը: «Իմ կարծիքով` դա շատ մտահոգիչ հայտարարություն էր: Քանի որ դեռ ընտրությունների երեկոյան դիտորդները հայտարարել էին, որ ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան»,- նշել է նա:
Փիրիի կարծիքով՝ ԵՄ-ն այս հարցում բավական անհետևողական մոտեցում է դրսևորել: «Ե'վ հանձնաժողովը, և' Մոգերինին հայտարարել էին, որ ԵՄ-ն կաջակցի անցկացվելիք անկախ հետաքննությանը: Բայց, որքանով ինձ է հայտնի, նման հետաքննություն ընդհանրապես չի անցկացվել: Անհետևողական հայտարարություններ արվեցին: Նախ` խոսվեց անկախ հետաքննության մասին, իսկ հետո, երբ դեռ միջազգային դիտորդների զեկույցը չէր հրապարակվել, հայտարարվեց արդյունքների ընդունված լինելու մասին: Սա տարօրինակ քաղաքականություն է»,- նշել է Փերին:
ԵԽ պատգամավորը նշել է, որ Թուրքիայի եվրաինտեգրման հարցը մինչ օրս եղած ամենախնդրահարույց գործընթացն է: Նա կարծիք է հայտնել, որ թուրքական կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է ԵՄ-ին, այլ, ընդհակառակը, հեռացնում: Եվ դա չի կարող անհետևանք մնալ: