Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է գտել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Այս մասին հայտարարվեց ՎՊ խորհրդի հերթական նիստում:
2008 թ. եւ 2009 թ. պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ պետական սեփականության կառավարման ու օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ նախարարությունում կատարվել են. փաստաթղթերով չհիմնավորված ծախս` 2601.8 հազ. դրամի, օրենքի խախտմամբ հաշվարկված եւ վճարված գումար` 2244.4 հազ. դրամի, անարդյունավետ ծախս` 2264.5 հազ. դրամի, ոչ նպատակային ծախս` 9059.7 հազ. դրամի չափով: Վերականգնման ենթակա է 2161.5 հազ. դրամը:
Պարզվում է, որ 2008 թ. տրանսպորտային միջոցների պահպանման, գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռքբերման համար ծախսերը կատարվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Վերահսկվող ժամանակահատվածում նախարարի խորհրդականն աշխատանքի է ընդունվել աշխատանքային օրենսգրքի եւ «ՙՊետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջների խախտմամբ, ինչի արդյունքում հաշվարկվել եւ վճարվել է 2 մլն 244 հազար դրամ աշխատավարձ, որոշ դեպքերում էլ աշխատողներին աշխատանքից ազատելիս չի վճարվել արձակման նպաստ:
Խախտումներ են արձանագրվել ոչ միայն պահպանման ծախսերի մասով. ՎՊ մասնագետները պարզել են նաեւ, որ մշակութային եւ երիտասարդական ծրագրերով փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, ինչը խոսում է նախարարության կողմից իրականացված թույլ վերահսկողության մասին: Օրինակ` «ՙԸնծա» համահայկական երգի մրցույթ-փառատոնի համար 2009 թ. առանց նախահաշվի ֆիզիկական անձի հետ կնքվել են պայմանագրեր, համաձայն որոնց` փառատոնի կազմակերպման համար կանխիկ վճարվել է 18 մլն 181 հազար դրամ` խախտելով կառավարության թիվ 80 որոշմամբ հաստատված կարգը: Արդյունքում կատարողը ծախսված գումարների մասին հաշվետվություն չի ներկայացրել, հետեւաբար եւ հնարավոր չէ պարզել կատարված ծախսերի արդյունավետությունը:
Ոչ նպատակային ծախս է կատարվել նաեւ գրքերի հրատարակման համար. 2008-2009 թթ. հրատարակվել է 8 գիրք, որոնք կառավարության որոշումներով հաստատված չեն եղել, ինչի արդյունքում կատարվել է մոտ 5.5 մլն դրամի ոչ նպատակային ծախս: ՎՊ մասնագետները պարզել են նաեւ, որ փաստացի բացակայում են 1999.5 հազ. դրամ արժողությամբ 600 գրքեր` դրանց բաշխումը հավաստող փաստաթղթերով: Այս գումարը ենթակա է վերադարձման: Վերահսկվող ժամանակաշրջանում 9 հեղինակների սահմանվածից ավելի է տրվել 570 գիրք, ինչի արդյունքում կատարվել է 1 մլն 319 հազար դրամի անարդյունավետ ծախս:
Նախարարությունը նաեւ «Գնումների մասին» օրենքը շրջանցելով է իրականացրել կենտրոնացված կարգով մշակութային օջախների համար գույքի եւ սարքավորումների ձեռքբերումը եւ հրատարակչական ծախսեր՚ը:
Նիստին ներկա ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը տեղեկացրել է, որ հաշվետվությունում տեղ գտած խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվել են այս տարի, վերականգնվել է վերադարձման ենթակա գումարի զգալի մասը:
Նախարարը խախտումները պայմանավորում է նաեւ վերահսկվող ժամանակահատվածում 3 նախարարի, երկու աշխատակազմի ղեկավարի եւ ֆինանսատնտեսական բաժնի մի քանի պետի փոփոխությամբ: Տեղեկացնենք, որ այդ ժամանակահատվածում նախարարներ են եղել նաեւ Նորեկ Գասպարյանը (այժմ` Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ) եւ Լեռնիկ Հակոբյանը (վարչապետի խորհրդական): Այս պարագայում թերեւս շատ ավելի դժվար է որոշել, թե ո՞ր խախտման համար որ նախարարն է պատասխանատու կամ որ աշխատակազմի ղեկավարը եւ այլն:
Ինչեւէ, նախարարությունը պետք է հաշվի առնի ՎՊ-ի կողմից իրենց ներկայացված առաջարկությունները եւ մեկամսյա ժամկետում Վերահսկիչ պալատին գրավոր տեղեկատվություն ներկայացնի` հաշվետվությունում արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ: