կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 16:00
Իրավական

ՄԻՊ-ի արձանագրած թերությունները` մշակույթի և սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություններում

ՄԻՊ-ի արձանագրած թերությունները` մշակույթի և սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություններում

Մարդու իրավունքների վիճակը` սպորտի և երիտասարդության նախարարության և մշակույթի նախարարության ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012

 

Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

 

Մշակույթի նախարարություն

 

-Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:

- Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:

-Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:

·-Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:

-Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:

 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

-Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ և հանրապետության ոչ բոլոր մարզերում:

-Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքնե­րի սոցիալ-տնտեսական վիճակը:

-Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պե­տա­կան նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության և չարաշահումների վերաբերյալ:

-Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:

-Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:

-Երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:

 

Արձանագրված դրական զարգացումները

-Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012    թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:

-Եկեղեցիների և այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012  թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապես` հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում և վերականգնում:

-Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային  համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապես` արվեստի փառատոներ,  մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:

-Իրականացվել  է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական  գրականությամբ: