Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։ Հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կանցկացնի Կանչելիին նվիրված փառատոն։ Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ:
Ուրախ եմ, որ… ողջ եմ
Վերջին անգամ 7 տարի առաջ էի եղել Հայաստանում և հույս ունեի, որ նորից եմ այցելելու այստեղ: Ուրախ եմ, որ… ողջ եմ և այստեղ եմ: Անկեղծ ասած` կարծում եմ, որ սա իմ վերջին այցն է` հաշվի առնելով առողջական վիճակս: Բայց երջանիկ կլինեմ, եթե նորից բախտ վիճակվի այցելել այստեղ: Մի շարք հայ կոմպոզիտորների հետ ոչ թե շփվել, այլ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել: Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան` նրանք ընկերներս են եղել: Նրանց հետ մտերմացել եմ Դիլիջանի կոմպոզիտորների տանը հանգստանալու տարիներին:
Երաժշտության միջոցով փորձել եմ այդ պահին տեղի ունեցող դեպքերին արձագանքել
Երաժշտության հետ շփումս սկսվել է` Օսկար Փիթըրսըն, Ֆիցջերալդ լսելով, այսինքն` ջազ եմ լսել: Ջազի հանդեպ սերը մինչև հիմա էլ մնացել է, ու միշտ հետևում եմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Իմ հիմնական աշխատանքը սիմֆոնիկ և կամերային երաժշտությունն է եղել, սակայն 60 տարի աշխատել եմ կինոյի և թատրոնի հետ: Չէի ասի` կինոերաժշտություն գրելը խանգարել է ինձ մյուս ժանրերի գործեր ստեղծելու համար, ընդհակառակը` օգնել է: Ավելին` երաժշտության միջոցով միշտ փորձել եմ այդ պահին տեղի ունեցող դեպքերին արձագանքել: Կարող եմ ասել` եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է իմ վերաբերմունքն անցյալի դեպքերին, թող իմ` այդ շրջանի գործերը լսի: Հիմա էլ այդպես է:
Ինձ հետաքրքրում է ամեն բան, ինչ կատարվում է…
Կյանքում կարևորն ինձ համար ներքին ցենզուրան է, առաքինությունը, մարդկանց հետ շփումը` պլյուս-մինուս նշանով: Մարդը կարող է շատ քաղաքականացված չլինել, այսինքն` ապաքաղաքական լինել, բայց դա չի նշանակում, թե նրան չի հետաքրքրում` ինչ է կատարվում աշխարհում: Ինձ հետաքրքրում է ամեն բան, ինչ կատարվում է` իմ երկրում, Ռուսաստանում, քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ աշխարհում: Ես միշտ այն դեպքերի ազդեցության տակ եմ, որոնք տեղի են ունենում շուրջս:
Ես մաքսիմալիստ եմ, ով փորձում է չփոխել իր վերաբերմունքը տեղի ունեցող դեպքերի նկատմամբ
Սովորությունների ու դրանցից հրաժարվելու մասին շատ բան չեմ կարող ասել: Միայն հիշում եմ, որ մինչև 45 տարեկան Շոպենի գործերը չէի լսում, ուղղակի չէի սիրում: Հետո հանկարծ մի շրջան եկավ, և ես զարմացա` ինչպե՞ս կարող էի նրա ստեղծագործությունների ամբողջ գեղեցկությունն ու հանճարը շրջանցել: Ես մաքսիմալիստ եմ, ով փորձում է չփոխել իր վերաբերմունքը տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Սա գուցե ինձ շատ է խանգարել կյանքում, գուցե պետք էր ավելի լոյալ լինել, ինչևէ, ես այսպիսին եմ: