Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես եկան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում հնչեցին Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:
Մենակատարներ Սևաստյանն ու Միլկիսը նշեցին, որ Կանչելիի՝ ֆիլմերի համար գրված երաժշտության շնորհիվ դիտել են կինոնկարները։ Ընդ որում` մեղեդիներն օգնել են նրանց սիրել ու հասկանալ այդ ֆիլմերը։ Եվ սա այն դեպքերից է, երբ երաժշտությունը լրացնում է ֆիլմը կամ ներկայացումը, ինչը կարելի է ասել նաև Նինո Ռոտայի և այլ կոմպոզիտորների մասին։
Հիշեցնենք, որ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի մեկնարկը Երևանում տրվել է հունիսի 18-ին։ Սիմֆոնիկ համերգի ընթացքում ներկայացվել են Կանչելիի մեծակտավ ստեղծագործությունները՝ լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածայինների համար գրված «SIO» ստեղծագործությունը, «Գիշերային աղոթքները»՝ գրված կլարնետի և լարային նվագախմբի համար, Չորրորդ սիմֆոնիան՝ «Միքելանջելո»։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես է եկել աշխարհահռչակ կլարնետահար Յուլիան Միլկիսը (Կանադա)։
Ինքը՝ Կանչելին, խոսելով Երևանում իրեն նվիրված փառատոնի մասին, նշեց, որ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ, գիտեր, որ իրեն ցանկանում են Հայաստան հրավիրել: «Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ։ Ինձ համար դա և' մեծ պատիվ է, և' մեծ ուրախություն»։ Կոմպոզիտորը նշեց, որ փառատոնային երեք օրերի համերգային ծրագրերի ընտրությունը թողել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին. «Հիանալի նվագախումբ է, շատ շնորհալի երաժիշտներ են։ Ես ուրախ եմ աշխատել երիտասարդ երաժիշտների և երիտասարդ դիրիժորի հետ, առավել ևս, որ նա ինձ շատ հիշեցնում է Էդուարդ Միրզոյանին»։
Հիշեցնենք, որ Գիա Կանչելիին նվիրված փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։