Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թվականի հունվար ամսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին` ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ:
«Արդյունքում` ապահովվում են հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման` մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերը նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոգրյալից՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկման ենթակա ՀՀ օրենքների և կառավարության որոշումների նախագծերի` www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը:
Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ՝ համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկելով քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պահանջի կատարման վերաբերյալ սահմանել վերահսկողություն և ընթացքի մասին պարբերաբար զեկուցել վարչապետին: