կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 14:54
Հասարակություն

Տարոն Մարգարյանը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների մասին

Տարոն Մարգարյանը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների մասին

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում կազմակերպված աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 32 հազար ծառ և թուփ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները:

 

Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով ծառերի երկարակեցությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով էտման այս կամ այն տեսակի անհրաժեշտ կիրառման մասին:

 

Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ հայտնաբերվել և  համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 19 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ՝ բացառելու ապօրինի առևտրի կազմակերպման հնարավոր դեպքերը:

 

«Մենք ստեղծել ենք համապատասխան հնարավորություններ թե՛ երևանցիների և թե՛ գյուղական համայնքների մեր բնակիչների համար՝ իրենց առևտուրը կազմակերպելու գյուղմթերքի և մինի շուկաներում, ինչպիսիք այսօր ունենք գրեթե բոլոր վարչական շրջաններում»,-նշել է Տարոն Մարգարյանը:  

 

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 7 նմանատիպ շինությունների դեպքում էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուժեղացնել այդ ուղղությամբ հսկողությունը:

 

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ ԶԼՄ-ներով շարունակաբար իրականացվում է մրցույթների  անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրազեկում: Նշվել է նաև, որ հայտեր առայժմ չեն ստացվել: Քաղաքապետը հանձնարարել է  շարունակել աշխատանքներն ու հայտերի ստացման վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 4-ից հետո հանրությանը ներկայացնել գործընթացի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

 

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական և կրթամշակութային հաստատություններում ջեռուցման ապահովման գործընթացի շրջանակում շրջայցեր են կազմակերպվել տվյալ հաստատություններ: Զեկուցվել է նաև, որ որոշ դպրոցներում  հայտնաբերված թերությունները շտկվել են, և ամենուր ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան: