կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 23:50
Հասարակություն

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանում.Դավիթ Տոնոյան

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանում.Դավիթ Տոնոյան

Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան: 

Հյուրերի կազմում էին Ֆրանսիայի և Չեխիայի դեսպանները, Շվեդիայի Թագավորության, Իրանի Իսլամական Հանրապետության, Շվեյցարիայի Համադաշնության, Ճապոնիայի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի դեսպանությունների, ինչպես նաև՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներ:

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը սեյսմիկ մոնիթորինգի Ազգային բազմապարամետրային դիտացանցի կարևորագույն մասն է և ինտեգրված է տարածաշրջանային ու համաշխարհային ցանցերի մեջ:

Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարը նշեց, որ այցի հիմնական նպատակը դիվանագիտական կազմին Հայաստանի սեյսմակայունության խնդիրներին, ձեռքբերումներին և ոլորտի գործունեությանը ծանոթացնելն է: 

-Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանում և, առհասարակ, տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում՝ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների առաջին քայլը սպառնացող վտանգների վաղ ազդարարումն է: Սեյսմիկ պաշտպանության համակարգի հզորացումն ու արդիականացումը նաև մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մեծապես կնպաստի մեր երկրի և տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը,-իր ելույթում ասաց Դ. Տոնոյանը: 

‹‹Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը ներկայացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի հիմնական գործառույթները, ապա ներկաները հնարավորություն ունեցան շրջել դիտարանի թունելախորշում՝ տեղում ծանոթանալով տեղադրված սարքավորումներին: 1977-1982թթ. Գառնիի ակտիվ սեյսմածին խզվածքի գոտում՝ Գեղամա լեռնաշղթայի ստորոտին կառուցված դիտարանի թունելն ունի P-աձև կառուցվածք, իսկ ընդհանուր երկարությունը 375 մետր է: 

Դիտարանը հնարավորություն է տալիս գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները և դրանց նախանշանները, ինչպես նաև՝ նպաստում է երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատմանը և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական հիմնախնդիր, ուժեղ երկրաշարժերի կանխատեսմանը:

Հյուրերը շրջայց կատարեցին նաև ‹‹Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն›› ՊՈԱԿ-ում, ծանոթացան սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայի, սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կենտրոնի և բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությանը:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով՝ «Սեյսմիկ պաշտպանությունը որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ» թեմայով:

Այցի ավարտին դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին տվյալ ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները, կիսվեցին տպավորություններով: