Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր, որովհետև բազմաթիվ լրջագույն կադրեր դատախազությունում և Քննչական կոմիտեում, զուտ սոցիալական ապահովության անկայունության պատճառով, պատրաստ էին համակարգը լքել, ինչը պետությանն էր վնաս. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նկատի ունենալով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որն այսօր ԱԺ-ում ընդունվեց:
Դիտարկմանը՝ ձուկը գլխից է հոտում, և դատավորները, դատախազները կաշառք են վերցնում, կիսվում վերևների հետ, Կոստանյանն արձագանքեց. «Ես երբեք չեմ վիճարկում այն ասացվածքը, որ ձուկը գլխից է հոտում, բայց ես կարող եմ իմ պաշտոնավարման ժամանակի հետ կապված ասել և ընդգծել, որ այդ ժամանակահատվածում, եթե կա որևէ մեկը, որ կասի՝ դատախազը կաշառք է վերցրել, կամ` առավել ևս վերևներին է տվել, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել և քրեական գործ հարուցել այդ փաստի կապակցությամբ»:
«Վերև ասելով ո՞ւմ նկատի ունեք» հարցին նա պատասխանեց, որ նկատի ունի նաև իրեն, երբ գլխավոր դատախազ էր:
«Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում առաջին անգամ քսանից ավելի քննիչի և քննչականի պետի դեմ ես քրեական գործ հարուցեցի և դատի տվեցի, մի շարք փաստաբանների դատի տվեցի, որոնք կաշառք էին վերցրել մեղադրյալներից կամ իրենց պաշտպանյալներից՝ դատախազին փոխանցելու նպատակով: Ես ինքս այդ պրոցեսը սկսեցի: Ես միշտ ասել եմ և ասում եմ, որ կաշառքի թույլատրելիությունը տեսել եմ ոչ միայն օրենքի արգելելու տեսակետից, այլև դա դիտել եմ, դիտում եմ և դիտելու եմ որպես անբարոյականություն, իսկ անբարոյականությունից բխող վարքագիծը, անկախ նրանից` ում կողմից է դրսևորվում, անբարոյականություն է իր էությամբ: Ես փորձում եմ շատ մեղմ այդ ամենի մասին արտահայտվել»,- ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով քաղաքական հայացքների պատճառով ձերբակալություններին՝ նա ասաց, որ քաղաքական պատվերներն ապացույցներով են գնահատվում:
«Հիմա պատկերացրեք՝ մի քաղաքական սուբյեկտ, ինչ-որ ընդդիմադիր ներկայացուցիչ կատարում է մի հանցագործություն, դա հո չնշանակե՞ց, որ նա քաղաքական հանցագործ է, հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի: Գնահատեք և քննարկեք այդ ամենն ապացույցների տեսանկյունից»,- ասաց Կոստանյանը` հավելելով. «Միայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանցագործություն կատարած անձն ունեցել է այլ քաղաքական ընկալում, անընդունելի է ասել, որ դա քաղաքական հետապնդում է՝ անգամ տրամաբանության տեսանկյունից»:
Կոստանյանն ասաց նաև, որ եթե անգամ մամուլում լինեն բազմաթիվ հրապարակումներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կաշառք վերցնելու մասին, միևնույն է, դա չի կարող հիմք լինել պատասխանատվոթյան ենթարկելու համար: Ըստ նրա՝ հարկավոր են ապացույցներ և կոռուպցիոն սխեմայի երկրորդ սուբյեկտը՝ այն անձը, ով բողոք կներկայացնի համապատասխան մարմիններին: Կոստանյանը հարկ համարեց հիշեցնել նաև, որ իր՝ գլխավոր դատախազ եղած ժամանակ է, որ քրեական պատասխանատվության է ենթարկվել Լոռու մարզի դատավորը: