Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանական քաղաքականության նպատակը ՀՀ պաշտպանության ոլորտի երաշխավորված ապահովումն է, ՀՀ հուսալի պաշտպանության համար ազգային և միջազգային երաշխիքների ստեղծումը. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմաքաղաքական հարաբերություններին ու միջազգային ռազմական համագործակցության հետ կապված հարցերին:
«Պաշտպանական քաղաքականության առաջին ուղղությունը ռազմաքաղաքական հարաբերություններն են, որտեղ մեր հիմնական նպատակն է դաշնակցային և գործընկերային համաչափ ու հավասարակշռված զարգացումը և դրանով իսկ մեր արտաքին բարենպաստ միջավայրի ապահովումը: Այդ նպատակով մենք հարաբերություններ ենք զարգացնում յոթ-ութ միջազգային կազմակերպությունների, երկկողմ ձևաչափով` 25-ից ավելի պետությունների հետ: Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ՝ գործընկերություն ենք զարգացնում նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հետ. լինելով ռազմավարական դաշնակից երկիր ՌԴ-ի հետ՝ մենք միաժամանակ լայն գործընկերային համագործակցություն ունենք ԱՄՆ-ի հետ: ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությունը շատ է կարևորվում` հաշվի առնելով նաև այն, որ այդ կազմակերպության շրջանակներում է կարգավորվում նաև ԼՂ հարցը»,- ասաց Այվազյանը:
Ըստ նրա` զինված ուժերի զարգացման մյուս ուղղությունը նույնպես պաշտպանական քաղաքականության մաս է կազմում, դա մարտական կարողությունների զարգացումն է: Այն ներառում է ԶՈՒ զարգացման տարբեր ծրագրերի մշակում և իրականացում, զինված ուժերի անհրաժեշտ համալրման հարցը:
Այվազյանը կարևորեց նաև հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման, համատեղ ՀՕՊ հերթապահություն իրականացնելը և ՀԱՊԿ ուժերի, խաղաղապահ ուժերի զարգացումը:
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվում նաև զինված ուժերի մարտական պատրաստվածությանը և վերապատրաստմանը: Մեր զինծառայողները վերապատրաստվում են շուրջ 15 երկրում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ-ի հետ ՀՀ-ի համագործակցության կարևորագույն տարրերն են՝ բարձրաստիճան ռազմաքաղաքական խորհրդակցությունները, սպառազինությունների հավասարակշռության ուղղությամբ ռազմաքաղաքական համագործակցությունը, հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգը, 102-րդ ռուսական ռազմաբազայի կենսագործունեությունը:
Այվազյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության առանցքում է գտնվում զինված ուժերի զարգացման համար խորհրդատվական, նյութատեխնիկական աջակցությունը և այլն: «Լինելով հուսալի գործընկեր՝ ՀՀ-ն ապահովում է քաղաքական ճկունություն միջազգային հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ: Մյուս ուղղությունը միջազգային խաղաղապահությունն է, որի նպատակն է ներդրում ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում: Մեր զորախմբերը մասնակցում են Կոսովոյի, Աֆղանստանի առաքելություններին, ունենք մեկ սպա Մալիում»,- ասաց Այվազյանը՝ ներկայացնելով մյուս ուղղությունները. «Հաջորդը սպառազինությունների վերհսկման ոլորտն է, միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների ապահովումը»:
Անդրադառնալով զենքի և զինտեխնիկայի ձեռք բերմանն ուղղված քայլերին` Այվազյանն ասաց, որ հայ-ռուսական երկկողմ ձևաչափով համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերով, միջպետական վարկի շրջանակներում են դրանք ձեռք բերվում: «Դա իրականացվում է կանոնավոր ձևով՝ ըստ մեր կողմից հաստատված ժամանակացույցերի, որևէ ուշացումով չի լինում, որոշ զինատեսակներ ժամկետից շուտ են բերվում: Երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև առկա է ռազմատեխնիկական համագործակցություն, որը նույնպես ենթադրում է սպառազինության տարբեր տեսակների, ռազմամթերքի ներկրում: Ենթադրվում է նաև ռազմաարդյունաբերական համալիրում երկու պետությունների միջև սերտ համագործակցություն, համատեղ ձեռնարկությունների ստեղծում, ռազմական նշանակություն ապրանքների համատեղ արտադրություն և այլն»,- ասաց նա:
Ըստ Այվազյանի` Հայաստան ՌԴ-ից ռազմատեխնիկա է ներմուծվում հատուկ պայմաններով: «Մենք ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով, որը ենթադրում է սպառազինությունների, ռազմական տեխնիկայի գնումներ հատուկ գներով: Կարողանում ենք ձեռք բերել ՌԴ-ի ներքին գներով: Այն գները, որոնք գործում են ՌԴ-ի բանակի համար, նույն գները ՀՀ-ի համար են գործում»,- եզրափակեց ՊՆ աշխատակիցը: