Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգիչ Գևորգ Հաճյանի մենահամերգը` «Ձոն հայոց ազգային բանակի» խորագրով, որը նաև մայիսյան հաղթանակներին է նվիրված: Մենահամերգի սկիզբը 19:00-ին է:
Yerkir.am-ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ շաբաթներ առաջ հայ հոգևոր երաժշտական կենտրոնից իրեն հրավիրել են` մենահամերգ տալու, և ինքը համաձայնել է: «Իմ առաջարկով եղավ, որպեսզի մենահամերգը ձոն լինի հայոց հզոր բանակին` հաշվի առնելով, որ Շուշիի ազատագրման 25-ամյակն էր մայիսի 9-ին, նաև մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրն է: Բացի այդ` մայիսը հաղթանակների ամիս է, ուրեմն իմ մենահամերգն էլ պետք է լինի Հայոց բանակին նվիրված` մայիսյան հաղթանակների կապակցությամբ»,- ասաց Հաճյանը:
Համերգը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև ՀՕՄ-ի շրջանային վարչության, այլ հասարակական կազմակերպությունների, տարբեր անհատների աջակցությամբ:
«Ուրախ եմ, որ կրկին Հայաստանի հանդիսատեսի առաջ պիտի բեմ բարձրանամ: Այս մենահամերգս մյուսից իր բովանդակությամբ տարբերվում է: Կներկայացնեմ մի քանի հոգևոր երգեր` երգեհոնի նվագակցությամբ, դաշնամուրի նվագակցությամբ` ազգային հայրենասիրական ազգագրական երգեր կհնչեն, Կոմիտաս կհնչի: Ինձ նվագակցելու է Մադաթ Ավանեսովը»,- ասաց նա:
Հաճյանի խոսքով` իր համար ավելի պարտավորեցնող է այս մենահամերգը, քանի որ բանակին է նվիրված: «Ինչո՞ւ է պարտավորեցնող, որովհետև ազգի գոյատևման համար Հայոց հզոր բանակն ունի մեծ առաքելություն: Իսկ երգն այնպես ուժեղ պետք է լինի, որ զինվորը նաև այդ երգով սնուցվի, նաև դրանով ինքն իրեն ամուր զգա»,- նշեց երգիչը` հավելելով` ուրախ է հայտարարել, որ համերգին ներկա են լինելու բազմաթիվ կուրսանտներ, տարբեր զորամասերի զինվորականներ, որոնց համար ինքը պարտավոր է երգել:
«Իմ ամեն օրվա արթնանալով ու քնելով պարտավոր եմ միայն հայ զինվորին, հետևաբար` այն, ինչը ես կարող եմ անել հայ զինվորի համար, պարտավոր եմ անել դա»,- հայտարարեց նա:
Հաջյանը տեղեկացրեց նաև, որ հրավիրված է Բոստոնի ՀՅԴ կոմիտեության կողմից` այնտեղ ևս համերգ տալու: «Տարածքի ՀՅԴ երեք կոմիտեների համագործակցությամբ` հունիսի 3-ին պետք է տեղի ունենա մայիսյան հաղթանակներին, հատկապես` մայիսի 28-ին նվիրված ոգեկոչությամբ հաղթանակը նշելու ձեռնարկ, և որպես երգիչ` ես հրավիրված եմ` գաղափարակից ընկերներիս և հայրենակիցներիս հետ այդ փառավոր օրը նշելու համար»,- հայտնեց նա և հավելեց. «Ինձ համար հայը հայ է Հայաստանի մեջ և Հայաստանից դուրս: Իմ երգերի ակունքը հայ ժողովուրդն է, հայ հանդիսատեսը»: