կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 12:12
Առանց Կատեգորիա

«Ակունքը». Նշան Աբասյան

«Ակունքը». Նշան Աբասյան

Բանաստեղծ լինելու համար մանկության օրերին պիտի «ողբերգութուն» ապրած լինես, պիտի մուլտֆիլմի չար գայլը քեզ շատ վախեցրած լինի, պիտի մորդ կուրծքը փնտրած, արցունքոտ աչքերով նրան գտած, վզից ամուր-ամուր կախված լինես...

 

Տեսե՞լ եք՝ ինչպես է զարմանում փոքրիկը ամեն վայրկյան իր առջև բացվող մե՜ծ աշխարհի գույներով՝ առաջին խաղալիք, առաջին զբոսանք, առաջին կարուսել, առաջին ձյուն: Եվ երփներանգ այս հեքիաթի մեջ՝ առաջին գիտակցված ցավն ու խելապատառ վազքը դեպի գորով…

 

Այս մասին են աշխարհի բոլոր բանաստեղծությունները: Ամեն բան, ինչ բանաստեղծական է: Հիշողության հազար մշուշի տակ թաքնված այս սրբազան մրմուռն է, որ բանաստեղծի գրչով, նկարչի վրձնով ամեն անգամ սիրտ ու թրթիռ է դառնում նոր պատմության մեջ, ամեն անգամ գունավորում է աշխարհը մի նոր բաբախյունով:

 

Մեր բոլոր ազնիվ երազները մանկությունից են գալիս, երբ աշխարհն անհունորեն հարուստ էր, երբ մեր սպիտակ հոգում ամեն բան անկեղծ էր մինչև անսահմանություն: Մենք գեղագետ ենք այնքան, որքան պահպանել ենք հիշողությունը մեր առաջին զարմանքի: Եվ մարդասեր ենք այնքան, որքան չենք մոռացել մեր առաջին աղոթքը՝ Մա՜մ...

 

9 մայիսի, 2014 թ.