կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 11:31
Մշակույթ

Ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը Հայաստանում մենահամերգ կտա

Հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանն այս տարի Հայաստանում համերգով հանդես կգա: Այն տեղի կունենա մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը Հայաստանում համերգով հանդես եկավ 2014-ին՝ Երևանում, Գյումրիում և Արցախում:

Լրագրողների հետ զրույցում երգչուհին նշել էր, որ ի սկզբանե երաժշտական մթնոլորտում է եղել, երաժշտությունը քայլել է իր հետ և բույն դրել իր մեջ, իսկ երբ հեռացել է Հայաստանից, երաժշտության հանդեպ սերն ավելի է սրվել:

«Դժվար է, երբ թողնում ես երկիրդ: Սկզբում չես հասկանում` ինչ է կատարվում, շոկ ես ապրում: Երբ երկիրը թողնում ես, կարոտն ավելանում է, և հենց սա ավելի մեծ դեր խաղաց, որ ավելի կենտրոնանամ երաժշտության մեջ: Մենք` բոլորս, արմատներ ունենք, մարդուն արմատներից քոքահան անելը հեշտ բան չէ, երբ քոքահան ես անում մարդուն իր արմատներից, հեշտ չի նորից «տեղադրվել» այլ հողի մեջ: Ճիշտ միջավայր պետք է ունենաս, թե չէ` չորանալու ես, գնաս: Իմ բախտն այս հարցում, բարեբախտաբար, բերեց»,- ասել էր երգչուհին` հավելելով, որ ԱՄՆ չի գնացել` աստղ դառնալու, այլ սովորելու. «Ես այստեղից արդեն ճանաչված, լեգենդար դարձած եմ գնացել: Թող մեծամտություն չթվա, բայց այդ ժամանակ արդեն ինձ «ջազի թագուհի» էին կոչում»:

Ներկայացնենք երգչուհու՝ 2014-ին Հայաստանում կայացած համերգից մի հատված: