Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 13:14
Իրավական

Նորաշենում ուժեղացված հսկողություն է. որոնում են գյուղապետի դեմ մահափորձ իրականացրածներին

Նորաշենում ուժեղացված հսկողություն է. որոնում են գյուղապետի դեմ մահափորձ իրականացրածներին

Մայիսի 3-ից իրավապահներն ուժեղացված հսկողություն են իրականացնում Արարատի մարզի Նորաշեն համայնքի և Արտաշատ քաղաք տանող ճանապարհներին: Այս օրերին իրավապահներն ապահովում են նաև Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանի անվտանգությունը` հաշվի առնելով, որ գյուղապետի դեմ մահափորձի գործով կասկածյալները դեռևս չեն հայտնաբերվել:

«Իրավապահները զբաղվում են: Ինձ թվում է` անպայման գտնելու են հանցագործներին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետը:

Նշենք, որ Նորայր Գրիգորյանը նկատել է իրենց հետապնդող` ռուսական համարանիշներով սպիտակ ավտոմեքենա, որտեղից և նրանց ուղղությամբ կրակոցներ են արձակել: Գյուղապետի կարծիքով` այդ կրակոցներն ուղղված էին ոչ թե վարորդի, այլ իր դեմ:

Դիտարկամանը` մտավախություն չունի՞, որ կփորձեն դարձյալ հարձակում գործել, պատասխանեց. «Ինձ թվում է` նման բան էլ չի կրկնվի, ո՞ր հիմարը մի անգամ սխալ թույլ տալու դեպքում երկրորդ անգամ կփորձի կատարել: Մի անգամի համար պետք է պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ, ուր մնաց` հլը մեկը չավարտած, փորձեն երկրորդն անել»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Արտաշատից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կարեն Ղազարյանի վարած մեքենայի ճանապարհը և անհայտ հրազենով կրակահերթ արձակել նրա ու մեքենայում գտնվող Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Արդյունքում`Կարեն Ղազարյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Ղազարյանի մոտ ախտորոշվել է աջ ազդրի, ձախ սրունքի և ուսի հրազենային վիրավորում: Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանության փորձը՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Կատարվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: