Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից ևս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ: Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:
Մասնավորապես, Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից սիրիահայ ներդրողին տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման («ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ) հաշվին տարեկան 11% տոկոսադրույքով: Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել ևս 5,0 մլն դրամը` տարեկան 4% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն` վառարաններ, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալներ, ակնաբուժական աշխատասեղան, բժշկական հետազոտման թախտ, հիվանդի սայլակ, ճաղավանդակներ և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույք: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել 5 հիմնական աշխատատեղ:
Հաջորդ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Որակյալ պանրի արտադրության կազմակերպում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի իրագործման դեպքում ակնկալվում է ստեղծել 16-18 նոր աշխատատեղ: Այս ծրագրով ակնկալվող 42,0 մլն ՀՀ դրամից արդեն իսկ տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 12% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է վերազինել գործարանը նոր սարքավորումներով և արտադրել բարձր որակական չափանիշներով պանիրներ (սեփական բրենդային արտադրանքի տեսքով):
Արդեն ֆինանսավորված Լոռու մարզի «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ Տավուշի մարզի «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով էլ 20 աշխատեղ:
Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Շինշիլաբուծության տոհմային տնտեսության» ծրագրի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել է վարկային պայմանագիր` տարեկան 12% տոկոսադրույքով վարկային միջոցների տրամադրման նպատակով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել շինշիլաբուծությամբ զբաղվող մինի ֆերմաների լայն ցանց, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն