կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 15:40
Հասարակություն

10 000-ից ավելի աշխատատեղ. մարզերում ներդրումային ծրագրերը նոր թափ կստանան

10 000-ից ավելի աշխատատեղ. մարզերում ներդրումային ծրագրերը նոր թափ կստանան

Մարզերի տնտեսական զարգացման ներդրումային ծրագրերի համաձայն՝ 10 000-ից ավելի աշխատատեղ կստեղծվի այս կամ այն մարզում՝ նպաստելով մարզի տնտեսական զարգացմանը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարն այսօր հանդիպեց ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով զբաղվող 80 պատասխանատուների հետ, քննարկեց ընթացիկ տարում, ՀՀ պետբյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի, ներդրումային ծրագրեր ունենալու և դրանք կյանքի կոչելու հնարավորությունները:

Ըստ Լոքյանի` դեռ 2017-ի տարեվերջին փոխնախարարների հետ այցելել են մարզեր, հանդիպել մարզպետերի հետ ու որոշել՝  5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ունենալ տնտեսական պատասխանատուներ, ովքեր կզբաղվեն ներդրումային ծրագրերի նախագծմամբ, իրականացմամբ: Նախարարը նշեց, որ ամեն ինչ ցանկացած վայրում հնարավոր չէ անել, պետք է նայել, թե ինչ ռեսուրսներ կան տվյալ համայնքում, որն է ավելի օպտիմալ տարբերակ, տնտեսապես որն է արդյունավետ, իսկ տնտեսական պատասխանատուները բոլոր այս հարցերի պատասխանը կտան ներդրում կատարողին:

«Ամենակարևորը մոնիթորինգի խնդիրն է՝ հաշվառելու՝ ինչ ենք ստանալու տարեվերջին, ինչ արդյունք ենք ունենալու: Համոզված եմ՝ մեր 54 խոշորացված համայնքներով ու խոշոր բնակավայրերով, տարածքային զարգացման ընդհանուր դրույթներն ապահովելով, տարեվերջին կարող ենք աշխատատեղերի լուրջ թիվ ունենալ փոքր ու միջին բիզնեսի ստեղծման գործում: Այսինքն՝ մեր թիրախը դառնում է 2018-ին համայնքային տնտեսական ծրագրեր իրականացնելը: Պետք է քիչ-քիչ ունենանք աշխատատեղեր, որոնք կլինեն ամուր և մշտական»,- ասաց Լոքյանը:

Նշենք, որ դեռևս նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մարզեր կատարած այցերի արդյունքում մի շարք ներդրումային ծրագրերի փաթեթ էր ներկայացվել: «Ի՞նչ եղան այդ ծրագրերը» հարցին՝ Լոքյանը պատասխանեց, որ շուրջ 150 ծրագիր են ստացել, որոնցից վարչապետի հետ անցկացրած քննարկումների արդյունքում որոշել են 57-ը կյանքի կոչել և ֆինանսավորման ուղարկել: «Սրանցից 20-ն արդեն ֆինանսավորվել են՝ 653 մլն դրամի սահմաններում, ևս 2-ը հիմա ֆինանսավորման փուլում են, 2-ն էլ կառավարության օժանդակության կարիքն ունեն. մեկը Գյումրում նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքի տրամադրումն է, իսկ մյուսը՝ մեկ այլ վայրում հողի տրամադրում, որտեղ պետք է կառուցվի հանգստյան գոտի: Այսինքն՝ 24 ծրագիր արդեն իսկ կյանքի ենք կոչել, իսկ մնացած ծրագրեր առաջարկողներն իրենք իսկ հրաժարվեցին՝ նշելով, որ վարկի տոկոսը բարձր է կամ էլ գրավադրում չունեն: Նրանք ասում էին՝ վարկ չէին ակնկալում, ակնկալում էին դրամաշնորհ, իսկ պետությունը չէր կարող դրամաշնորհներ տրամադրել: Հենց այս պատճառով էլ մենք գնացինք տնտեսական պատասխանատուների ինստիտուտ ստեղծելուն, քանի որ մենք ստանում էինք տնտեսական քիչ տարրեր պարունակող փաստաթղթեր, որոնք մերժվում էին, և կարծիք էր ձևավորվում, որ մենք մերժում ենք ներդրման ծրագրերը»,- ասաց նախարարը:

Համայնքային տնտեսական զարգացման պատասխանատուների առաջին խնդիրը մինչև մարտ ամիս, ըստ սուբվենցիայի կարգի, տվյալ համայնքի առաջին ծրագրերը ներկայացնելն է, որոնց նաև պետությունը կաջակցի` ներդրումային ծրագրերի համար անհրաժեշտ գումարի 50 տոկոս կավելացնի:

Լոքյանի հավաստմամբ՝ տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտն ամբողջ աշխարհում է գործում: «Այս պատասխանատուների վրա շատ կարևոր խնդիր է դրվելու` գյուղական վայրերում հիմնականում գյուղատնտեսության, շինարարության հաշվառում իրականացնելու, տվյալ համայնքի փոքր տնտեսական մոդելն ունենալու ֆունկցիա: Եթե մենք չգիտենք՝ տվյալ համայնքն ինչ է արտադրում, ինչ հնարավորություններ ունի, հնարավոր չէ խոսել մեծ տնտեսական ներդրումների մասին»,-ասաց նա:

Հարցին, թե պետության միջոցները կբավարարե՞ն՝ բոլոր ծրագրերը ֆինանսավորելու համար, նախարարը պատասխանեց, որ կարծում է՝ այո, քանի որ պետությունն այսպես, թե այնպես յուրաքանչյուր տարի համայնքների համար նման ծախսեր իրականացրել է:

Աշտարակի քաղաքապետի խորհրդական, տնտեսական հարցերով պատասխանատու Արթուր Ոսկանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 2017-ի հուլիսից Աշտարակում առաջին ներդրումային ծրագիրն են փորձում կյանքի կոչել՝ հյուրընկալության ոլորտում: Ոսկանյանի խոսքով՝ ծրագրի արդյունքներն այս տարի փետրվար-մարտ ամիսներին տեսանելի կլինեն: «Բացի դրանից՝ մենք պատրաստում ենք մի քանի այլ ծրագրեր, որոնք հիմնված են այս ծրագրի մրցակցային առավելությունների վրա, օրինակ՝ փոքր բիզնեսի զարգացում, գյուղմթերքի վերամշակում: Ճիշտ է, ներդրողներ գտնելը դժվար գործ է, քանի որ կան հոգեբանական գործոններ՝ վստահության խնդիրը, և կան նաև տնտեսական գործոններով պայմանավորված պատճառներ՝ ներդրումային քաղաքականության մասին է խոսքը: Վստահության խնդիրը ծագում է այնտեղից, որ մարդիկ տեսնում են՝ համայնքում նման փորձ կա'մ չկա, կա'մ շատ քիչ կա, ու մի քիչ զգուշավոր են դառնում: Իսկ երբ սկսում ենք մի քիչ առաջ շարժվել, տեսնում ենք, որ գործն իրականում արվում է, և անվստահությունն անցնում է գործընկերության վստահության»,- ասաց Ոսկանյանը:

Նա նշեց նաև, որ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար կա ինչպես ՀՀ կառավարության աջակցությունը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և այն աշտարակցիների, ովքեր դրսում են ապրում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուներն իրականում կարևոր նշանակություն ունեն համայնքների զարգացման գործում: Ըստ փոխնախարարի՝  այդ պատասխանատուները պետք է կարողանան ծրագրեր կազմել ու ներկայացնել միջազգային ու տեղական կազմակերպություններին, ինչպես նաև կառավարությանը՝ պետբյուջեից ֆինանսավորվելու համար: «Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեցինք 2017-ին, օրինակ` սուբվենցիաներ ստանալու համար համայնքները պետք է ծրագրեր գրեն ու ներկայացնեն կառավարություն՝ ֆինանսավորվելու համար: Այսինքն՝ ինչքան համայնքը գումար կներդնի, այնքան էլ պետական բյուջեն գումար կտրամադրի: Համայնքների հետ աշխատանքը և դրանց հետ խոսելու բառապաշարը ծրագրային են դառնում, համայնքներին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր այդ ծրագրերը կկարողանան գրել և կյանքի կոչել»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական զարգացման բոլոր պատասխանատուներն իրենց համայնքների ներկայացուցիչներ են, ունեն բավականաչափ կրթական և մասնագիտական փորձ: Չնայած դրան, ըստ փոխնախարարի, ընթացիկ տարում պատասխանատուներին նաև կվերապատրաստեն, որպեսզի մինչև տարեվերջ ունենան արդյունք՝ բոլոր կառույցները, որոնք կցանկանան մուտք գործել համայնք, համայնքում կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան խոսել նրանց հետ նույն լեզվով:

«Մեր նպատակն է ստեղծել կառույց, որը կայուն որակ կապահովի, և տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները հենց այդ կառույցի առաջին ներկայացուցիչներն են: Հետագայում պատասխանատուների ինստիտուտը կդառնա տնտեսական զարգացմամբ զբաղվող բաժին: Կարևորն այն է, որ տնտեսության զարգացումը պետք է ապակենտրոնացնենք, և եթե մինչ այժմ կառավարությունն էր պատասխանատու տնտեսության զարգացման համար, ապա այսուհետ և´ մասնագիտական գիտելիքները, և´ ռեսուրսները պետք է աստիճանաբար փոխանցենք մարզպետարաններին»,- ասաց փոխնախարարը: