կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-21 14:21
Հասարակություն

Ես շատ կուզեի, որ սպաների աշխատավարձն էլ ավելի բարձր լիներ. նախարար

Ես շատ կուզեի, որ սպաների աշխատավարձն էլ ավելի բարձր լիներ. նախարար

Երեկ կայացած «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դպրոցի տնօրեններին հանձնարարեց` յուրաքանչյուր դպրոց առնվազն մեկ շրջանավարտի պետք է ուղարկի ռազմաուսումնական հաստատություն, ընդ որում` 100-ից ավելի շրջանավարտ ունեցող դպրոցներից 2-3 դիմորդ պետք է դիմի:

Այսօր Yerkir.am-ի լրագրողը պաշտպանության նախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է 4-5 շրջանավարտ ունեցող շատ գյուղական դպրոցներ նման ցուցանիշ ապահովեն, և արդյո՞ք ավելի հեշտ չէր լինի աշակերտներին ուղղորդել, եթե սպաների աշխատավարձերը բարձր լինեին:

«Մենք ասել ենք, որ յուրաքանչյուր դպրոց, տնօրեն, զինղեկ պետք է իր աշխատանքի մի մաս դարձնի դպրոցի աշակերտներին լիարժեք իրազեկելը ռազմական կրթության հնարավորությունների մասին: Այո’, նաև պետք է ուղղորդել աշակերտներին` ցույց տալով այդ մասնագիտության առավելություններն ու այն սոցիալական երաշխիքները, որ այսօր ունի սպան»,- ասաց նա:

Անդրադառնալով սպաների աշխատավարձի բարձրացման հարցին` նախարարն ասաց. «Ես երբեք չեմ ասել, որ սպայի աշխատավարձը շատ բարձր է, ես ասել եմ, որ սպայի աշխատավարձը մրցունակ է` աշխատաշուկայում եղած աշխատավարձերի համադրությամբ: Ես ասել եմ, որ եթե մեր հանրապետությունում միջին աշխատավարձը 180.000 դրամ է, ապա սպան բուհն ավարտելու պահից ունի երաշխավորված աշխատանք, որի սկզբնական փոխհատուցումը այդ միջին աշխատավարձից 25-30 % բարձր է: Ես շատ կուզեի, որ սպաների աշխատավարձն էլ ավելի բարձր լիներ, այդպես էլ ավելի հեշտ կլիներ թե' մարդկանց ուղղորդել դեպի այդ մասնակգիտությունը, թե' այդ մասնագիտության գրավչությունը բարձրացնել, սակայն, որպես կառավարության անդամ, ես հասկանում եմ, որ այդպիսի բարձրացումը հնարավոր է միայն համադրության մեջ: Չի կարելի մի որլորտում աշխատավարձի կտրուկ բարձրացում անել, իսկ մյուսները թողնել առանց ուշադրության: Այ դա կարող է բերել ռազմականացման, երբ անհամաչափ բարձր լինի սպայի աշխատավարձը»: