Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարուհի Փոստանջյանն այսօր արել է երկու կարեւոր հայտարարություն: Նախ` «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն իր հետ հարցազրույցում «խախտել է էթիկայի նորմերը՝ մեկ հարցը մի քանի անգամ իրեն տալով», երկրորդ` Երեւանի գործող քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություններում իր մրցակից Տարոն Մարգարյանի ունեցվածքի 90 տոկոսը բյուջետային յուրացումներից է գոյացել: Իհարկե, շատ կարեւոր է եւ այն, որ «Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն է՝ «Դեպի Արարատ», այլ կերպ՝ դեպի լյառն Մասիս, բայց երազանքներով մարդիկ ուշագրավ չեն, ուշագրավ են դրանց հասնելու` իրենց ընտրած ճանապարհներով:
Կոնկրետ տիկին Փոստանջյանի ճանապարհը դեպի Երեւանի քաղաքապետարան, ինչպես արդեն ասացի, անցնում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, որտեղ Պետրոս Ղազարյանը մի հարցը մի քանի անգամ է տվել նրան, ինչի արդյունքում, ինչպես գիտենք, տիկին Փոստանջյանն անգամ փորձել է դուրս գալ տաղավարից: Դուրս չի եկել, «վոբշեմ» պայմանավորվել են, որ «վոբշեմ» էլ «Ելք» -ից չեն խոսելու, տիկին Փոստանջյանն էլ «վոբշեմ» մնացել է: Բայց, այստեղ կարեւորը ոչ թե այն է, որ նա մնացել է, կամ այն, որ նա կարող էր գնալ, ոչ էլ անգամ այն` Պետրոսն իր հարցը կրկնե՞լ է մի քանի անգամ, թե՞ տիկին Փոստանջյանը, ինչպես ԱԺ-ում էին նրա մասին ասում, զրպարտում է, այլ այն, որ Զարուհի Փոստանջյանը չգիտեր, թե որտեղ է գնում: Բացատրեմ: Պետրոս Ղազարյանը հեռուստամեկնաբան է` ճանաչված, ինքնատիպ /չի նշանակում՝ ընտիր/: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ նրա մոտ հյուր են գնացել, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած հայտնի տաքստիստով կամ «Քաղաքացիական ակտիվ» քայլ կուսակցության նախագահով, բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ դիտել են Պետրոսի հարցազրույցները գիտեն, որ Պետրոսը կարող է հարցը կրկնել, ասենք, յոթ անգամ կամ մի անգամ միեւնույն հարցը տալ հաղորդման սկզբում, ապա՝ մեջտեղում, հետո՝ վերջում, վերջում՝ երեք անգամ: Սա նորություն չէ ոչ մեկի համար, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի: Իհարկե, տիկին Փոստանջյանը պարտավոր չէր անպայման դիտել Պետրոսի հաղորդումը, բայց տիկին Փոստանջյանը պարտավոր էր դիտել Պետրոսի հաղորդումը, քանի որ ինքը հրավիրված էր այդ հաղորդմանը եւ, ուշադրություն, ընդունել էր հրավերը: Չի դիտել: Հետեւաբար` Պետրո՞սն է մեղավոր, որ խախտել է էթիկայի կանոնները, թե՞ Զարուհին է մեղավոր, որ չի իմացել, թե ուր է գնում:
Բայց, մյուս կողմից, ո՞վ ասաց, որ մեկ հարցը յոթ անգամ տալը, որտեղ յոթը խիստ պայմանական թիվ է, էթիկայի խախտում է: Եթե խախտում է, ապա տիկին Փոստանջյանն ինքը, հայտարարելով, որ Տարոն Մարգարյանի ունեցվածքի 90 տոկոսը գոյացել է բյուջետային յուրացումներից, խախտում է էթիկայի կանոնները, քանի որ տիկին Փոստանջյանը բազմիցս է այդ մասին բարձրաձայնել, ընդ որում` ոչ միայն Տարոն Մարգարյանի հասցեին: Օրինակ` ԱԺ-ում նա բազմիցս հարցրել է, թե ե՞րբ է Հայաստանը պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, եւ ի՞նչ, ԱԺ պատգամավորներից ոչ ոք ոտքի չի կանգնել եւ, տիկին Փոստանջյանին մեղադրելով էթիկայի կանոնների խախտման մեջ, ԱԺ-ի նիստերից դահլիճից հեռանալու փորձ չի արել: Ուրեմն հարցը կրկնելը մի տեղ էթիկայի խախտում է, մեկ այլ տեղ` ո՞չ, մեկին կարելի է, մյուսին` ո՞չ…
Իսկ ժողովրդին, օրինակ, քաղաքացուն, երեւանցուն կարելի՞ է իշխանությանը, ընդդիմությանը մեկ հարց տալ, այն պարբերաբար կրկնել, թե՞ իշխանությունը կամ ընդդիմությունը դա կհամարեն էթիկայի խախտում եւ ժողովրդին կմեղադրեն ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Ժողովուրդն, ի դեպ, պարտավոր չէ պրոֆեսիոնալ լինել, այ քաղաքական գործիչը պարտավոր է, լրագրողը՝ նույնպես: Մեզանում, սակայն, պրոֆեսիոնալը ժողովուրդն է: Համեմատության կարգով:
Հովիկ Աֆյան