կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-10 13:58
Քաղաքական

Ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկա խորհրդարանում. պարզաբանում է Հրայր Թովմասյանը

Ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկա խորհրդարանում. պարզաբանում է Հրայր Թովմասյանը

Նոր խորհրդարանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:

«Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ` դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և' 6 հանձնաժողով, և' 12, բայց կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի»,- նշեց նա:

Հրայր Թովմասյանի խոսքով`ամենայն հավանականությամբ, կկրճատվեն եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Նա նաև ընդգծեց, որ, համաձայն Սահմանադրության, նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա:

«Կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն: 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում», - հավելեց Թովմասյանը: