կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 17:00
Իրավական

Անձեռնմխելի՞ է Հրայր Թովմասյանը. պարզաբանում

Անձեռնմխելի՞ է Հրայր Թովմասյանը. պարզաբանում

ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ Yerkir.am-ի, պարզաբանում է տարածել՝ նկատի ունենալով, որ մեկնաբանություններ են հնչում՝ կապված ինչպես ՀՀ ՍԴ նախագահի գործառույթային անձեռնմխելիության, այնպես էլ քրեական հետապնդման հարուցման համար Սահմանադրական դատարանի համաձայնությունն ստանալու հետ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են.

«ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Այսինքն, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառույթային անձեռնմխելիություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարության այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ: Այլ խոսքով, քրեական վարույթի կարգը, այդ թվում՝ դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների և պարտականությունների շրջանակը, այդ իրավունքների իրացման ընթացակարգերը և դրանց ապահովման երաշխիքները ծավալային և բովանդակային առումով սահմանվում են տվյալ վարույթի իրականացման ժամանակ գործող օրենքով: Բացառություն նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ վարույթ նախաձեռնելուց հետո է միայն փոխվում դատավարական ընթացակարգը և, ի տարբերություն վարույթ նախաձեռնելու պահին գործող օրենքի, վերացնում կամ սահմանափակում է դատավարության մասնակիցների իրավունքները կամ այլ կերպ վատթարացնում նրանց վիճակը:

Ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Հ. Թ.-ին մեղսագրվում են ենթադրյալ հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, այսինքն՝ 2010-2014 թվականներին։

Թեև Հ. Թ.-ի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն 2010-2014 թվականներին ենթադրաբար կատարված և վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արաքներ, որոնք, կապված չեն որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու՝ ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:

Ավելի վաղ Yerkir.am-ը հրապարակել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը, որի համաձայն առանց ՍԴ ակտի Հրայր Թովմասյանին մեաղդրանք առաջադրելը հանցագործություն է։ 

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ շենքում ՀՔԾ հարցաքննությունից հետո նրան  մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՀԱրցաքննությանը զուգահեռ ՍԴ-ի բակում ընթանում էր բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, որի հաջորդ օրն էլ անցկացվեց Հրայր Թովմասյանի հարցաքննությունը։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։