կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 17:37
Հասարակություն

Եթե քվեն կարևոր չլիներ, ընտրակաշառք չէին բաժանի. Արսինե Խանջյան

Եթե քվեն կարևոր չլիներ, ընտրակաշառք չէին բաժանի. Արսինե Խանջյան

Տեղեկացրել էինք, որ այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Արդարություն Հայաստանի» նախաձեռնության անդամները, ովքեր օրերս են ժամանել Հայաստան` այստեղ կայանալիք ընտրական գործընթացին հետևելու:

Դերասանուհի Արսինե Խանջյանը նշեց, որ իրենց նախաձեռնության նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցելն է, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելը: «Մենք հասկացանք, որ Հայաստան-Սփյուռք կապն այնքան էլ ամուր չէ, և Սփյուռքը կտրված է շատ ու շատ հարցերից: Սակայն Սփյուռքը պետք է իր մասնակցությունն ունենա Հայաստանում ընթացող այս կամ այն գործընթացներին: Դրա համար էլ հիմա եկել ենք Հայաստան, որ ընտրությունների ընթացքին հետևենք, և թող ոչ ոք չասի, թե քվեն, ձայնը կարևոր չէ. եթե կարևոր չլիներ, ընտրակաշառք չէին բաժանի»,- ասաց նա:

Դերասանուհին նշեց նաև, որ իրենք միամիտ չեն և հասկանում են, որ ապրիլի 2-ից հետո չէ, որ պետք է երկիրը փոխվի, կամաց-կամաց կլինեն փոփոխությունները: Ըստ նրա` ոչ մի կուսակցություն էլ չպիտի որոշի` ով է հայն այսօր և ինչ ցանկություններ ունի, ժողովուրդն ինքը պետք է իր ապագայի տերը լինի: «Դրա համար էլ իրական կյանքում պետք է պայքարենք, թե չէ` սոցիալական կայքերում բարկանալը շատ դյուրին է: Քավ լիցի, ես չեմ ասում` փողոց դուրս գանք, 25 տարվա ընթացքում շատ «փողոց իջանք», և արյուն թափվեց, հիմա պետք է պայքարենք մեր իրավունքների համար խաղաղ ճանապարհով»,- նշեց նա: