կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 15:25
Տնտեսական

EITI ստանդարտի ներդրումը`Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ

EITI ստանդարտի ներդրումը`Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ:

«Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական մարմինների և արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու, իսկ Հայաստանի քաղաքացուն՝ առավել կոմպետենտ և տեղեկացված: Սրանք միանգամայն համահունչ են կառավարության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճին և հանդիսանում են մեր կողմից իրականացվող բարեփոխումների բաղկացուցիչ մասը», -ասել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը կարևոր և բարդ ոլորտ է, որտեղ խաչվում են հանրային ակնկալիքները, գործարարի շահը և պետության կայուն զարգացման գերակայությունները: «Մեզ համար կարևորը հավասարակշռության այն բանաձևը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ և արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառմամբ», - նշել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով ԱՃԹՆ հարթակի ձևավորումը: Վարչապետն ասել է, որ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված բազմաշահառու խումբը՝ նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեկ տարում լիովին կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում ՀՀ-ն ստացավ ԱՃԹՆ թեկնածու անդամի կարգավիճակ: 

«Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ԱՃԹՆ անդամակցությունը միջոց է, բայց ոչ վերջնանպատակ: Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Խնդիրն ավելի հստակ ձևակերպելով՝ առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխան զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական ու մատչելի տեղեկատվությամբ: Իսկ որպես հեռանկարային նպատակ՝ հարթակը կարող է ծառայել նաև ԱՃԹՆ ստանդարտի պահանջներից դուրս՝ որպես միջազգային լավագույն փորձի և պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կատարված աշխատանքներին ցուցաբերած աջակցության և գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամություն հայտնելու համար:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կարևորելով EITI/ԱՃԹՆ ստանդարտի ներդրումը, նշել է, որ այն հնարավորություն կտա ավելի լայն և ինստիտուցիոնալ հիմքով ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը հանքարդյունաբերության ոլորտում, որի առնչությամբ առկա է սահմանադրական կարևոր դրույթ՝ ընդերքը պետական սեփականություն է: «Որպես բազմաշահառու խմբի անդամ՝ կարող եմ պնդել, որ Հայաստանում ներդրվում է միանգամայն նոր, նախադեպը չունեցող կոլեկտիվ կառավարման մշակույթ: Հասնելով EITI-ին անդամակցելու մեր նպատակին՝ այժմ պետք է անցնենք ծրագիրն իրականացնելու պատասխանատու փուլին: Այսուհետ, իմ միակ հորդորը կլինի այն, որ աշխատանքում մինչև վերջ առաջնորդվենք մեկ ընդհանուր նպատակով՝ երկրում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմամբ», - ասել է Դավիթ Հարությունյանը:
Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Հայաստանի՝ ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ. «Ամենակարևորը, սակայն, ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը, այն է՝ շարունակաբար միավորել իրենց ջանքերը առավել մեծ թափանցիկություն ապահովելու և մաքուր, պատասխանատու և ինքնաբավ հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու համար»:
ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ շնորհավորական ելույթ են ունեցել նաև Հայաստանում Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը  և Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը: Միջազգային գործընկերները վերահաստատել են Հայաստանում ԱՃԹՆ ներդրման գործընթացին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: