Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը: Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկումները ծավալվել են վերջին շրջանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակված մեթոդական ուղեցույցների շուրջ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ մեթոդական ուղեցույցները մշակվել են վերջին ժամակաշրջանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ կառավարության որդեգրած նոր մոտեցումների համատեքստում:
«Մենք այս տարի շատ մեծ աշխատանքներ կատարեցինք համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը ավելի գործնական և տնտեսական ակտիվության աջակցմանը միտված դարձնելու համար. մեթոդական ուղեցույց մշակեցինք: Մենք աշխատել ենք նաև համայնքների կողմից մատուցվող ծառայությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, որպեսզի տրադիցիոն եղանակներից անցում կատարենք ավելի ժամանակակից եղանակների: Այս ուղղությամբ ևս մեթոդական փաստաթուղթ ենք մշակել»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ մյուս երկու մեթոդական ուղեցույցները, որոնք ընդգրկված են նիստի օրակարգում, վերաբերում են բազմաբնակավայր խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակազմերի գործունեության կազմակերպմանը, կառուցվածքի հաստատմանը, հաստիքացուցակի կազմմանը, պաշտոնի դրույքաչափերի համամասնության սահմանմանը:
Նիստի առաջին զեկուցող, տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է Բազմաբնակավայր խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարամն մարմինների և աշխատակազմերի գործունեության կազմակերպման մեթոդական ուղեցույցը և ընդգծել, որ ուղեցույցի նպատակն է՝ բարձրացնել բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման իրականացման և համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, թիրախավորել բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի գործառույթները՝ սահմանելով գործառույթների իրականացման համար «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերից բխող ժամկետներ և գործիքակազմ:
Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանն իր հերթին ներկայացրել է Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակի կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման մեթոդական ուղեցույցը և ընդգծել, որ այդ մեթոդական խորհրդատվություններ կիրառելիս պետք է հաշվի առնել համայնքներին բնորոշ առանձնահատկությունները:
Հաջորդիվ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը խորհրդի անդամներին է ներկայացրել Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ցուցումները և Համայնքների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու (պատվիրակելու) մեթոդական ուղեցույցը:
Զեկույցներից հետո ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները, առաջարկությունները: Ի խատասխան այդ դիտարկումների, Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ այդ ուղեցույցները «բաց» փաստաթղթեր են և իրատեսական առաջարկությունները ավելի լայն շրջանակներում քննարկվելուց և նախարարի հաստատումից հետո կարող են ներառվել ուղեցույցներում:
ՏԿԶՆ