կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-06 19:17
Իրավական

Պարզվում են 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Պարզվում են 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 00:30-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոց մեկնած շտապօգնության խումբը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ 30-35 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի գագաթային հատվածում պատռված վերքի ձևով, իսկ ձախ ձեռքի մատներին՝ այրվածքին բնորոշ վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ, 1987թ. ծնված Օ. Ամարյանն է:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Օ. Ամարյանն ընկել է էլեկտրասյան վրայից։ Մասնագետների նախնական ախտորոշման համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով։ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անզգուշությամբ մահ պատճառելը):

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Օ. Ամարյանի մահվան բոլոր հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին