կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 16:34
Հասարակություն

Պաշտպանությունը միայն կրակելը չէ, բանակում շատերդ կարող եք ձեր գործառույթն իրականացնել

Պաշտպանությունը միայն կրակելը չէ, բանակում շատերդ կարող եք ձեր գործառույթն իրականացնել

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց ավագ դպրոցի աշակերտների և բուհերի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպումը պաշտոնական չէր, նախարարն աշակերտների և ուսանողների հետ քննարկեց նրանց հուզող հարցերը:

Նա նախ նշեց, որ կրթական համակարգը ժամացույցի պես է` եթե մի մասնիկը չի աշխատում, մնացածի աշխատանքը կանգ է առնում: Մկրտչյանի հավաստմամբ` մենք ունենք մեր «կրթական ժամացույցը», և այն աշխատում է: «Ճիշտ է, մեր կրթական ժամացույցը շվեյցարական չէ, սակայն կարևորն այն է, որ մենք հասել ենք նրան, որ ստեղծել ենք մեր կրթական համակարգը: Կրթական համակարգը գործիք է` նպատակներն իրականացնելու համար, այն նաև ամենապատասխանատու գործիքն է` տեսակի պահպանման համար: Ուստի մենք իրավունք չունենք ստեղծելու իրավիճակ, որ մեր կրթական ժամացույցը կանգ առնի»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ մենք երկու խնդիր ունենք` ավագ դպրոցներ և մագիստրատուրա, քանի որ ստացվում է այնպես, որ ավագ դպրոցը կրկնում է  դպրոցի 10-ամյա ծրագիրը, իսկ մագիստրատուրան` բակալավրիատը: Այդ իսկ պատճառով, Մկրտչյանի հավաստմամբ, պետք է այնպես անել, որ ավագ դպրոցները նախ բեռնաթափվեն, իսկ դրանք էլ, իրենց հերթին, պետք է աշխատեն բուհերի հետ: «Բուհերը 12-րդ դասարանում պետք է մտնեն դպրոցներ, աշակերտները պետք է պրակտիկայի գնան: Բացի այդ` աշխարհի ոչ մի երկրում ընդունված չէ, որ բակալավրիատից հետո գնան մագիստրատուրա, քանի որ նախ իրենց գիտելիքներն աշխատաշուկայում են փորձում, հետո նոր որոշում` ինչ մասնագիտությամբ շարունակել մագիստրոսական կրթությունը»,- ասաց նախարարը:

«Քվանտ» վարժարանի սաներից Կառլեն Ավագյանը նշեց, որ երբ միջազգային բակալավրիատ ծրագրի դիպլոմ ես ստանում, այն քեզ 2 տարով է տալիս իր` որևէ բուհում ընդունելության դիպլոմը, սակայն, եթե մեկնես ծառայության, այդ դիպլոմով այլևս չես կարող ընդունվել որևէ բուհ /գործածության ժամկետը սպառվում է/: Կառլեն Ավագյանը հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է անում այս ուղղությամբ` արդյո՞ք տարկետում պետք է տրվի նման դեպքերում:

ԿԳ նախարարը նշեց, որ մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ մենք մեր ուժերը մոբիլիզացնելու խնդիր ունենք: «Ի պատիվ մեր ժողովրդի` մենք այն քիչ ժողովուրդներից ենք, որը 25 տարի մարտական հերթափոխ է իրականացնում, քանի որ անընդհատ գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Ու հիմա, քանի որ մարդկային ռեսուրսի խնդիր կա, որոշվեց, որ բոլոր տղաները պետք է մեկնեն ծառայության: Բայց եղան բացառություններ, ինչը հանգեցրեց անարդարության: Օրինակ` նույն կուրսի ուսանողներից 14-ին տանում են բանակ, իսկ մեկին` ոչ, և  չափանիշը բանակ չտանելու քննությունը ընդամենը 0,5 բալով բարձր ստանալն է: Սա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ, ճիշտ է, կան մասնագիտություններ, որոնք անընդհատ աշխատանք են պահանջում, օրինակ` բնագիտական մասնագիտությունները, և այս դեպքում պետք է քայլեր արվեն, որպեսզի երեխան բանակում չկտրվի իր ընտրած մասնագիտությունից: «Կարծում եմ` ճիշտ կլինի, որ կա՛մ բոլորը գնան բանակ, կա՛մ չգնան: Իսկ կոնկրետ այս դեպքում մենք կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային բակալավրիատի հետ, որպեսզի բանակ գնալու պարագայում ձեր վկայականի ժամկետը երկարի, այսինքն` այն 4 տարի լինի ուժի մեջ»,- ասաց նախարարը:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Խաչատուր Նազարյանն էլ նշեց, որ ընդունվել է միջազգային բուհ և հիմա չգիտի` իրեն տարկետում տալո՞ւ են, որ չմեկնի ծառայության: Ըստ աշակերտի` տարկետում չստանալու և բանակ գնալու դեպքում ինքը հետո չի շարունակի ուսումը, քանի որ, Արտաշեսի մեկնաբանմամբ, երբ մեկ տարի սովորի բուհում, իսկ հետո երկու տարի անցկացնի բանակում` կտրված լինելով գիտությունից, ուղղակի անհնար կլինի կրկին գիտություն վերադառնալ:

Ի պատասխան` ԿԳ նախարարը նշեց, որ տվյալ դեպքում, օրենքով սահմանված կարգով, աշակերտը կստանա տարկետում: Սակայն, ըստ նրա, կարևորը ոչ թե տարկետման խնդիրն է, այլ բանակում  համապատասխան միջավայր ստեղծելը, որ, օրինակ, ֆիզիկայով զբաղվողները շարունակեն իրենց աշխատանքը: «Այո, մենք մասնագիտության պահպանման խնդիր ունենք, և հնարավոր է` ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցության միջոցով այնպես անենք, որ դուք և՛ ձեր ծառայությունն իրականացնեք, և՛ գիտությունից չկտրվեք` միաժամանակ լուծեք խնդիրներ, որոնք կապված են պաշտպանության ոլորտի հետ: Պաշտպանությունը միայն կրակելը չէ,  բանակում շատերդ` ֆիզիկոսներ, բնագետներ, կարող եք ձեր գործառույթն իրականացնել»,- նշեց Մկրտչյանը: