կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 12:48
Քաղաքական

Չգիտեմ` մինչև ընտրությունները փող կմնա՞ ընտրակաշառքի համար. ԲՀԿ-ական

Չգիտեմ` մինչև ընտրությունները փող կմնա՞ ընտրակաշառքի համար. ԲՀԿ-ական

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի կարծիքով` ԲՀԿ-ի արգանդն այնքան բեղուն է, որ ԲՀԿ-ից կարող են առաջանալ տարբեր կուսակցություններ: Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից կուսակցությունների ստեղծման փաստը, նա ասաց, որ անտարբեր է դրանց նկատմամբ:

«ԲՀԿ-ն այնքան մեծ էր, որ եթե նրանից ծնվեն անգամ տարբեր կուսակցություններ, միևնույն է` հիմքը կմնա, որը շատ ավելին է»,- ասաց պատգամավորը:

Խոսելով  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի առաջարկի մասին` ստորագրել ջենտլմենական համաձայնագիր ընտրությունները չկեղծելու և ընտրակաշառք չբաժանելու վերաբերյալ, Լյովա Խաչատրյանը նշեց, որ ընտրությունները չկեղծելու համար պետք է գործի օրենքը, բարոյականությունը և քաղաքական կամքը:

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել, պատասխանեց. «Բոլոր կուսակցություններն էլ նույնն են, ոչ մեկը մյուսից լավը չէ: Իսկ ընտրությունները չկեղծելու համար, պետք է խաղի կանոնները փոխվեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե խաղի կանոնները չփոխվեն, ԲՀԿ-ն ընտրակաշառք կբաժանի՞, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ` մինչև ընտրություննեը փող կմնա՞ ընտրակաշառք բաժանելու համար»:

Դիտարկմանը` այսինքն` ճի՞շտ էին մամուլի հրապարակումներ, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը կուսակցության գումարները վերցրել ու գնացել է Հայաստանից, Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Այդ գումարի մասին չէ խոսքս»: