կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 18:45
Տնտեսական

Ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցության արժանացած երեք նախաձեռնությունները

Ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցության արժանացած երեք նախաձեռնությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով երկօրյա համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ուրբան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետեր, հյուրեր Վրաստանից։

Իր բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, մասնավորապես «Ուրբան» հիմնադրամին,  որը, փաստորեն, մեկնարկում է տարածքների համաչափ զարգացման մարզային առաջին  երեք ծրագրերը: Նախարարը գոհունակությամբ է նշել, որ ԵՄ աջակցությամբ արդեն իսկ մեկնարկել են 13 ծրագրեր` ուղղված մարզերի համաչափ զարգացմանը, ՀՆԱ-ի աճին, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև մայրաքաղաք-մարզեր համեմատության մեջ անհամաչափությունները մեղմելուն: «Ես մեծ ակնկալիք ունեմ այս ծրագրերից, քանի որ առաջինն են մեր ընդհանուր, խոշորածավալ աշխատանքի մեջ, և դրանք պետք է օրինակ դառնան է՛լ ավելի խթանելու մեր համայնքները»,-նշել է նախարարը: Դավիթ Լոքյանը ներկաներին տեղեկացրել է, որ նույնանման գործընթաց  սկսվել է նաև ՀՀ կառավարությունում.  «Համաչափ զարգացումն ապահովելու և տնտեսությունը զարգացնելու համար մենք մարզային այցելությունների ժամանակ ներկայացնում ենք, պահանջում ենք, որպեսզի մեր գործարարները, համայնքները ներկայացնեն ծրագրեր: Դրանք ընդունվում են ՏԿԶ նախարարությունում և եզրակացությունից հետո համապատասխան որոշման են արժանանում: Բացի Եվրամիության աջակցությամբ սկսած մեր 13 ծրագրերից մենք ևս 10 ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ ենք կայացրել»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ «Ուրբան» հիմնադրամը, Կապանի համայնքապետարանը, Գորիս, Գորայք, Իջևան համայնքները, ովքեր ներգրավված են առաջին երեք ծրագրերի իրականացման գործում, մեր երկրի համար օրինակելի   կդառնան:

Նախարարը կարևորել է նաև աղբահանության ծառայության բարելավմանն ուղղված Հայաստանի Իջևան և Վրաստանի Բոլնիսի քաղաքների միջև անդրսահմանային համագործակցությունը և հույս հայտնել, որ այն առավելագույն օգուտ կբերի երկու երկրներին:  

Եզրափակելով խոսքը` Դավիթ Լոքյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին և իր թիմին` ԵՄ կողմից Հայաստանի տարածքային զարգացմանն ուղղված աջակցության համար, համաժողովի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ նոր նախաձեռնություններում:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են ԵՄ ֆինանսական աջակցությանն արժանացած երեք նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի տարբեր համայնքներում աղբահանության և սանմաքրման ծառայությունների բարելավմանը:

 

Համառոտ տեղեկատվություն երեք նախաձեռնությունների վերաբերյալ

Ներկայացվող նախաձեռնություններից մեկը միջսահմանային է և իրականացվել է Իջևանի և վրացական Բոլնիս քաղաքների համատեղ ջանքերով։ Ծրագիրն ավարտական փուլում է, և հայ ու վրացի գործընկերները հավաքվել են ի մի բերելու արդյունքները։ Դրանց թվում են՝ երկու գործընկեր քաղաքներ համատեղ, միևնույն մեթոդաբանությամբ  մշակել և ընդունել են աղբահանության ռազմավարություն, իրականցրել են հանրային իրազեկման լայնածավալ գործողություններ։ Երկու քաղաքներում էլ առաջին անգամ սկսել է կիրառվել աղբի  տեսակավորում։

Մյուս երկու նախաձեռնությունները մեկնարկել են վերջերս և ուղղված են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին։ Դրանցից մեկը՝ «Մաքուր դաշինք» վերնագրով վերաբերում է վերջերս խշորացած Գորիս և Գորայք համայնքներում արդյունավետ աղբահանության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը , տեխնիկական միջոցների տրամադրմանը և կենցաղավարման մշակույթի բարելավմանը։  Այստեղ ևս ներդրվելու է աղբի տեսակավորման՝ հատկապես պլաստիկ թափոնների (շշերի, տարաների, տոպրակների) տարանջատման պրակտիկա։

Համաժողովի ընթացքում ներկայացված երրորդ ծրագիրը, որը 25֊ տոկոսով համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից, նորարարական  է և նմանօրինակ չունի տարածաշրջանում։ Կապան քաղաքում հիմնվելու է պլաստիկ թափոններից շինանյութերի ստացման ստարտափ արտադրամաս, որի համար որպես հումք կծառայեն աղբից տարանջատված պլատիկ թափոնները։ Կստեղծվի 35 նոր աշխատատեղ։ Արտադրամասին պլաստիկ թափոններով անխափան ապահովելու նպատակով համապատասխան ենթակառուցվածքներ կձևավորվեն Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում։   Ստարտափը հիմնվելու է բնապահպանական և աշխատանքի անվտանգության միջազգային ստանդարտների համաձապատասխան, անցնելու է ԻՍՕ հավաստագրում։