կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 22:07
Հասարակություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի գիտնականին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի գիտնականին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Արտեմ Փաթափության,

Սիրելի հայրենակից,

Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին:

Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը:

Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով:

Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում»,- նշված է ուղերձում: