կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 15:28
Հասարակություն

Կիրովի մանկական այգում տեսախցիկներ տեղադրելուց հետո մարմնավաճառները «քոռ ու փոշման» են մնացել

Կիրովի մանկական այգում տեսախցիկներ տեղադրելուց հետո մարմնավաճառները «քոռ ու փոշման» են մնացել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Կիրովի անվան մանկական զբոսայգում և հարակից տարածքում տեղադրվել են շուրջօրյա գործող տեսախցիկներ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում զբոսայգին մարմնավաճառներից մաքրելու եւ այգին երեխաներին տրամադրելու համար պայքարող ակտիվիստ Սեւան Աղաջանյանը նշեց, որ քաղաքացիներն անձամբ կարող են վերահսկել այգու անցուդարձը գիշերային ժամերին: Նա նշեց, որ իրենք գրեթե հասել են իրենց նպատակին, իսկ վերջին քայլը կլինի այգու բարեկարգումը:

 

«Քաղաքապետարանից արդեն տեղակացրել են, որ մայիս ամսին էլ բարեկարգումներ են լինելու: Չնայած ես երեկ այցելել եմ այգի, եւ ներկայիս դրությամբ նույնպես ինչ-ինչ աշխատանքեր են տարվում, սակայն մենք հույս ունենք, որ, ինչպես եւ խոստացել է զբոսայգու վարձակալը, նույնպես ներդրում կանի, եւ այգին կծառայի իր իրական տերերին»,- ասաց Աղաջանյանը` հավելելով, որ գիշերը հսկել է` ընդամենը մեկ մարմնավաճառ է հայտնվել տարածքում, ով, երկար սպասելուց ու այդպես էլ այցելու չունենալուց հոգնած, «քոռ ու փոշման» հեռացել է տարածքից:

 

Նա տեղեկացրեց նաև, որ Ժնևում հայկական 5 կազմակերպություն բողոքել է, որ Հայաստանում համասեռամոլ մարմնավաճառներին վտարում են Կիրովի մանկական զբոսայգուց` խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժման իրավունքին:

 

«Սակայն բողոքողները մոռանում են, որ ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է մարմնավաճառությամբ զբաղվել: Այս առթիվ շուտով մենք հանդես կգանք հայտարարությամբ, քանի որ այդ 5 կազմակերպությունները նաև ՊՆ-ին են վատաբանել իրենց ելույթներում: Զեկույցի մեջ խոսվում է` իբր նույնասեռականը բանակում ծառայելիս մեկուսացվում և հոգեբանական ճնշումների է ենթարկվում, այդ թվում և հետապնդվում ու ահաբեկվում է թե' այլ զինծառայողների և թե' հրամանատարների կողմից: Զեկուցողներին կարելի է հիշեցնել՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 378 հրամանի՝ նույնասեռական անձինք ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- ասաց Աղաջանյանը: