կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 12:07
Հասարակություն

Ուշադրություն` հայտնաբերվել են կեղծ դեղեր, որոնց օգտագործումը պետք է դադարեցնել

Ուշադրություն` հայտնաբերվել են կեղծ դեղեր, որոնց օգտագործումը պետք է դադարեցնել

Երևանի և մարզերի մի շարք դեղատներում հայտնաբերվել են ճնշումն իջեցնող «Պրեստանս» և հակաբիոտիկ` «Ցեֆտրիաքսոն-Աստերիա»-ի կեղծ խմբաքանակներ:

Այսօր ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը լրագրողներին հայտնեց, որ վերոհիշյալ դեղերը կեղծված են իրենց բոլոր ցուցանիշներով` փաթեթավորում, սերիա, շտրիխ-կոդ: Ըստ նրա` դեղերի փաթեթավորումն իրականացվել է ոչ գործարանային պայմաններում:

«Ինչ վերաբերում է դեղերի պարունակությանը, ապա դրանց փորձաքննությունը շարունակվում է: Դեռ պարզ չէ` դեղերը ժամկետանց են և վերափաթեթավորվա՞ծ, թե՞, առհասարակ, այլ տեխնոլոգիաներով են պատրաստել դրանք: Այսօր հայտարարություն կտարածենք և նախնական կասենք` դեղերի ակտիվն ինչ նյութ է»,- ասաց Թոփչյանը:

Նա նշեց, որ քաղաքացիները, ովքեր կիրառում են այս դեղերը, պետք է անհապաղ դադարեցնեն դրանց օգտագործումը: Ըստ Թոփչյանի` եթե «Պրեստանս»-ի սերիան յոթանիշ է, ուրեմն` այն հաստատ կեղծ է, քանի որ իրականում պետք է վեցանիշ լինի:

Նա նշեց նաև, որ վերոհիշյալ երկու դեղերի ներմուծումն արդեն իսկ կանգնեցվել է:

ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանն էլ նշեց, որ արդեն քրեական գործ է հարուցվել, և իրավապահները հետաքննություն են սկսել: Նա նշեց, որ այդ կեղծ դեղերի խմբաքանակ է հայտնաբերվել ինչպես Երևանի, այնպես էլ Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերում:

«Թե ո՞ր դեղատներն են եղել, և ո՞վ է ներմուծել դեղերը, անուններ ասել հիմա չենք կարող, քանի որ հետաքննությունը շարունակվում է, սակայն հետո ամեն ինչ կհրապարակվի: Նշենք, որ մինչև 3 տարի ազատազրկում է սպասվում մեղադրյալներին` անկախ նրանից` կեղծե՞լ են դեղերը, թե՞ նպաստել, որ դրանք տարածվենի»,- ասաց Պուրտոյանը:

Ի դեպ, «Ցեֆտրիաքսոն-Աստերիա» դեղատներում կարելի է գտնել 200-4000 դրամով, իսկ «Պրեստանս»-ի գինը մոտ 4500 դրամ է: