կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 13:54
Տնտեսական

Գյուղնախարարությունը բավականին գումար է տնտեսել գնումների գործընթացում

Գյուղնախարարությունը բավականին գումար է տնտեսել գնումների գործընթացում

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողներին ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Նախարարը նշեց, որ տարվա սկզբից մեկնարկել են սուբսիդավորման ծրագրերի համար նախատեսված մրցույթները:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի մասին խոսելով` նա նշեց, որ բյուջեով նախատեսված էր 456 միլիոն  դրամի պատվաստանյութ գնել` տարբեր ախտորոշիչ և համաճարակային պատվաստման գործողությունների համար: Մրցույթում հաղթածղ ընկերությունը ներկայացրել էր գին, որը բանակցությունների արդյունքում նվազել էր: Ըստ այդմ` ծախսվելու է 411 միլիոն դրամ, տնտեսվելու է մոտ 30 միլիոն դրամ:

Խոսելով պարարտանյութերի մասին` Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցկացրել են շուկայի ուսումնասիրություն և հարցում, որի շրջանակներում հրավիրվել են բոլոր` պարարտանյութ ներմուծողները` մասնակցելու հարցմանը: Մասնակցել է 19 ընկերություն թե' Հայաստանից, թե' դրսից` Գերմանիայից, Անգլիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից:

«Մեր պահանջը եղավ ընտրել այն ընկերություններին, որոնք կտրամադրեն նվազ գին և չեն հավակնի ստանալ լրացուցիչ վարկ պարարտանյութը բերելու համար: Անցյալ տարի մենք տրամադրել էինք 4 միլիարդ դրամ ցածր տոկոսով վարկ` պարարտանյութ բերելու համար, մոտ 2 միլիարդ 110 միլիոն դրամ տրամադրել էինք պարարտանյութի սուբսիդավորման ուղղությամբ: Այս տարի մենք այդ 4 միլիարդը չենք տրամադրում, իսկ սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 միլիոն դրամ: Բյուջեով նախատեսված էր 2 միլիարդ 110 միլիոն դրամ, արդյունքում` 1 միլիարդ 200 միլիոն դրամ կտնտեսենք»,- ասաց նախարարը:

Նա ներկայացրեց պարարտանյութերի գնման պրոցեսում ներգրավված հաղթող ընկերություններին` Մասիսում «Բերրիություն» ընկերությունը` 1680 դրամ առաջարկով, ռուսական «Տորգովիյ դոմ» ընկերությունը` 7000 դրամ առաջարկով, և պարսկական «Վառան գրուպ» ՍՊԸ-ն` 7000 դրամ առաջարկով: Ըստ այդմ` գյուղացիներին պարարտանյութը կտրամադրվի 6000 դրամով` ծրագրի շրջանակներում:

Իսկ թե ինչո՞ւ տնտեսված գումարի հանգամանքը չի օգտագործվել պարարտանյութի գինն էլ ավելի նվազեցնելու համար, նախարարը նշեց, որ նպատակահարմար են գտել տնտեսած գումարն ուղղել գյուղացիներին գյուղտեխնիկայով  աջակցելուն: