կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 22:08
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Գյուղնախարարությունը մկների վրա է տնտեսել

ԿԱՊԻՏԱԼ. Գյուղնախարարությունը մկների վրա է տնտեսել

Գյուղատնտեսության խնդիրներին նվիրված երեկվա խորհրդարանական լսումների շրջանակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ գյուղոլորտում նոր հեծանիվ ամենևին էլ պետք չէ հորինել։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ պնդել է, որ վերջին երկու տարիներին բազմաթիվ բացթողումներ ու թերություններ են եղել։ Երեկ գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, նախքան գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ելույթով հանդես կգար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե ինչու է Գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիրը, որը ներառում է ոլորտին վերաբերող ռազմավարությունը (2008-2012 թթ.), այդքան շատ քննադատության ենթարկվում, ինչու չեն կատարվել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, գուցե կա՞ն պատճառներ, որ այդ ծրագիրը չի կատարվել։

«Նոր հեծանիվ ամենևին էլ պետք չէ հորինել, հարկավոր է ուղղակի գտնել կոնկրետ ուղղություններ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը, և այդպիսով գնալ առաջ: Սա է խնդիրը»,- ասել է Աբրահամյանը:

Ըստ panorama.am-ի՝ Աբրահամյանի քննադատությանն արժանացան նաև նրանք, ովքեր Հայաստանում առկա խնդիրները` ոլորտ առ ոլորտ, կապում են համաշխարհային ճգնաժամի հետ: Ըստ նրա՝ ինչպեսև մի շարք այլ ոլորտներում, այնպես էլ գյուղատնտեսությունում առկա խնդիրները հաճախ ամենևին էլ պայմանավորված չեն ճգնաժամով: Հ. Աբրահամյանն առաջարկել է նախևառաջ նվազեցնել գյուղացուն տրվող վարկերի տոկոսադրույքները, հավելյալ սուբսիդավորել այն գյուղացիներին, որոնք բնակվում են անբարենպաստ կլիմայական պայմաններում։

ԱԺ խոսնակը մի առաջարկ է արել, որը, իր կարծիքով, շատ հրատապ է, թեև դա կառավարության ու կոնկրետ գյուղատնտեսության նախարարության գործառույթը չէ։ «Ճիշտ ենք համարում, որ նախարարությունն անմիջական մասնակցություն ունենա պարարտանյութի, դիզվառելիքի, գյուղտեխնիկայի և որակով թունաքիմիկատների ու սերմերի ներկրմանը` գոնե առաջիկա հինգ տարիներին, որպեսզի նպաստի գյուղատնտեսության զարգացմանը»,- ասել է Հ. Աբրահամյանը՝ հավելելով, թե գիտակցում է, որ դա մասնավորի գործն է, բայց գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու և գյուղացիների առաջնահերթ խնդիրները լուծելու համար այդ քայլը շատ կարևոր է։

«Կառավարությունը մի քանի տարի պետք է կենտրոնացված գնումներ կատարի ու այդպիսով օգնի գյուղացուն»,- ասել է նա։

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն արձագանքել է, որ դա ոչ թե ճիշտ է, այլ անհրաժեշտ է։ «Քանի որ շուկան կարգավորված չի, մեզ մոտ ոչ թե շուկա է, այլ բազար, և ով ինչ ուզում՝ անում է, ցանկացած գին է թելադրում և այլն: Ապա այո, մինչև տնտեսության զարգացումը դա, այնուամենայնիվ, պետք է վերցնենք մեր հսկողության տակ»,- շեշտել է Ս. Կարապետյանը՝ հավելելով, թե հատկապես պետք է այն նյութերի ներկրումը վերահսկել, որոնք կարևոր նշանակություն ունեն` դիզվառելիքը, պարարտանյութերը, քիմիկատները և այլն:

«Դա պետք է մենք կազմակերպենք պետական միջոցներով առաջիկա մի քանի տարիներին և, այդպիսով, աջակցենք գյուղացուն, որպեսզի նա զարգանա… Ես դա ճիշտ եմ համարում»,- հավելեց նախարարը: Ի դեպ՝ նախարարի ելույթի թիրախն էր դարձել վերջին երկու տարիներին ոլորտի բարձիթողի վիճակը։

«Համոզվել եմ, որ վերջին երկու տարիներին բազմաթիվ բացթողումներ ու թերություններ կան։ Բացակայում է թիմային աշխատանքն ու գործառույթների հստակ տարանջատումը, իսկ որ ամենակարևորն է՝ անձնական պատասխանատվությունը, իրականացրած ծրագրերի մոնիթորինգի և ընթացիկ վերլուծության պայմաններում վերջնական արդյունքն էլ ուղղակի անհամատեղելի է ներդրված միջոցներին»,- ասել է նախարարը։

Որպես օրինակ՝ Ս. Կարապետյանը նշել է, որ նախարարության միջոցով իրականացվող 2009-2010 թթ. տարեկան միջին բյուջետային ծախսերի 2.4%-ը հատկացվել է տեղեկատվական և խորհրդատվական համակարգի գործունեությանը: Սակայն ըստ Համաշխարհային բանկի մոնիթորինգի տվյալների՝ 340 հազ. գյուղացիական տնտեսություններից ընդամենը 45 հազ-ն է ուղղակիորեն օգտվել խորհրդատվական ծառայություններից։

«2009թ. նախատեսվել է բույսերի պահպանության համար ծախսել300 մլն դրամ, բայց փաստացի ծախսվել է ընդամենը Դ169 մլն: Իսկ 2010թ. համապատասխանաբար 150 մլն դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 68 մլն դրամ։ Հիմա բազմաթիվ առաջարկներ են հնչում, թե ինչպես և ինչ միջոցներով կարելի է պայքարել կրծողների դեմ, սակայն առաջնային է պարզել հետևյալ հարցը` ինչու ժամանակին չեն իրականացվել համապատասխան գործողությունները»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե «ոչ մի արդարացում ընդունելի չէ»։