կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 22:30
Աշխարհ

Walt Disney-ը խզել է YouTube-ի ամենահայտնի բլոգերի հետ պայմանագիրը՝ հակասեմականության կասկածանքով

Walt Disney-ը խզել է YouTube-ի ամենահայտնի բլոգերի հետ պայմանագիրը՝ հակասեմականության կասկածանքով

Ամերիկյան Walt Disney ընկերությունը դադարեցրել է YouTube-ում ամենահայտնի շվեդ բլոգեր ՊյուԴիՊայի (PewDiePie) հետ համագործակցությունը՝ հակասեմականության կասկածանքով՝ նրա մի շարք տեսանյութեր «անընդունելի» համարելով, գրում է Deutsche Welle-ն:

«27-ամյա Ֆելիքս Քյելբերգը սադրիչ և անհարգալից ոճի օգնությամբ իր շուրջ մեծ քանակությամբ երկրպագուներ է հավաքել, բայց այժմ անկասկած, չափազանց հեռուն է գնացել»,- ասված է կոնցեռնի պաշտոնական հայտարարությունում:

Ֆելիքս Քյելբերգը դեռ փետրվարի 12-ին հերքել է մեղադրանքներն առ այն, որ նա տարածում է հակասեմական հայացքներ: Նրա խոսքով՝ քննադատությունը հնչել էր իր տեսահոլովակներից մեկի հասցեին, որտեղ նա ընդամենը ցանկանում էր ասել, թե ինչքան «խելագար» է դարձել ժամանակակից աշխարհը, որտեղ «մարդիկ պատրաստ են ցանկացած բան ասել հինգ դոլարի դիմաց»: Քյելբերգը վստահեցրել է բոլորին, որ նա ատելություն չի զգում որևէ մեկի նկատմամբ ազգային հիմքի վրա:

Հունվարի 11-ին հրապարակված տեսանյութում երկու հնդիկ տղամարդ ձեռքերում պահում են «Մահ բոլոր հրեաներին» գրությամբ պաստառ: YouTube-ը հեռացրել է տեսահոլովակն անցած հանգստյան օրերին: Մեկ այլ տեսանյութում հնդիկները հրապարակայնորեն ներողություն են խնդրում՝ ասելով, թե չգիտեին՝ ինչ է կոնկրետ գրված պաստառի վրա:

ՊյուԴիՊայը YouTube-ի ամենահաջողակ և բարձր վարձատրվող բլոգերն է: Նրա բլոգն ունի ավելի քան 52 միլիոն բաժանորդ: Անցած տարի շվեդն աշխատել է մոտ 15 միլիոն դոլար: