կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 16:09
Տարածաշրջան

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է հանրաքվեի մասին սեփական կարծիքն արտահայտած լրագրողը

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է հանրաքվեի մասին սեփական կարծիքն արտահայտած լրագրողը

Թուրքիայում սահմանադրական կարգի փոփոխման վերաբերյալ առաջիկա հանրաքվեի մասին բացասաբար արտահայտված հեռուստալրագրողը հեռացվել է աշխատանքից: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝  «Kanal D» հեռուստաալիքի գլխավոր լրատվականի հաղորդավար Իրֆան Դեյիրմենջին «Twitter» -ի իր միկրոբլոգում գրել է, թե պատրաստվում է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Doğan Medya Grubu» («Դողան» մեդիա խումբ) ընկերությունը, որին պատկանում է «Kanal D»  հեռուստաալիքը, թեմայի վերաբերյալ  անմիջապես գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարությամբ տեղեկացվել է, որ, հանրաքվեի վերաբերյալ սեփական մոտեցումը հրապարակելով, Դեյիրմենջին խախտել է ընկերության համար առաջնային համարվող` անկողմնակալության սկզբունքը, ինչի համար էլ հեռացվել է աշխատանքից:

Միջադեպը հանրության շրջանում բուռն դժգոհության առիթ է տվել: Մասնավորապես` սոցցանցերում իրենց բողոքն արտահայտող օգտատերերը նկատել են տվել, որ եթե Դեյիրմենջին «այո» ասած լիներ, նրան դժվար թե հեռացնեին աշխատանքից:

Հավելենք, որ Իրֆան Դեյիրմենջիից հետո աշխատանքից ինքնակամ հեռանալու դիմում է ներկայացրել նաև «Kanal D»-ի գլխավոր լրատվական հաղորդման  տնօրեն Էրթուղրուլ Ալբայրաքը՝ աջակցելով իր գործընկերոջը: 

Ստորև ներկայացնում ենք Իրֆան Դեյիրմենջիի գրառման թարգմանությունը կրճատումներով.

«-Գիտնականին, արվեստագետին, գրողին, ուսանողին, բանվորին, գյուղացուն, հանքափորին, լրագրողին ու չհնազանդվող յուրաքանչյուր անձի թշնամի հռչակողին  #ոչ:

-#Ոչ բանականությունը նվաստացնող գավառական քաղաքականությանը, որ, ամեն անգամ նույն ստերը կրկնելով, դեռ հավատում է, թե, սուտը մեծացնելով, այն կարող է ավելի համոզիչ դարձնել:

- #Ոչ միաժամանակ  և դատավորի, և դարպասապահի և հարձակվողի դերում հանդես եկողին, ով,  գնդակին տիրանալով, հայտարարում է` «գնդակն իմն է, չեմ խաղում» և, հանդիպումը դեռ չավարտված, փոխում խաղի կանոնները:

-#Ոչ մահվան սպառնալիքով մալարիային համաձայնելու պարտադրանքին, մեր աշխատանքին, օրվա հացին, ազատությանն ու կյանքին ուղղված սպռնալիքներին:

#Ոչ բոլորի ապագան մեկ անձի ապագայի հետ հավասարեցնելուն, մեկ անձի բարեկեցությունը բոլորի մտահոգության առարկան դարձնելուն:

-#Ոչ բռնությանը, ճնշումներին, հետապնդումներին, մեղավոր ուժեղներին, օտարացնողներին, միատարրությանը, անտեսվելուն, ոչնչացնելու ջանքերին #ՈչՄենքԿանք…»: