կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 13:42
Քաղաքական

Փոփոխությունների կենթարկվեն գույքի սեփականատեր չհանդիսացող անձի իրավունքները

Փոփոխությունների կենթարկվեն գույքի սեփականատեր չհանդիսացող անձի իրավունքները

Խորհրդարանում այս պահին քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով իր խոսքում նշեց, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է սերվիտուտին կամ ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքին, ու թեև ներկայիս օրենսգրքով նախատեսված է սերվիտուտը, բայց նախատեսված է բացառապես գույքային տեսակը:

Նշենք, որ, ըստ օրենքի նախագծի հիմնավորման, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ գույքային իրավունքի առանձնահատուկ տեսակի՝ անձնական սերվիտուտի, ներառյալ՝ ուզուֆրուկտի (մասնավոր հողակտոր) ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:

«Մինչ օրս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, թեպետ նախատեսել է սերվիտուտի ինստիտուտը, սակայն սահմանափակվել է միայն «գույքային սերվիտուտով»: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սերվիտուտ պահանջելու իրավունքը ուղղակիորեն կապել է մեկ այլ հողամասի տիրապետման և օգտագործման անհրաժեշտության հետ: Տվյալ դեպքում սերվիտուտի առկայությունը կապված է ոչ թե սերվիտուտ պահանջող անձի, այլ վերջինիս սեփականության կամ օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքի հետ»,- ասաց Քրմոյանը:

Նշենք, որ ժամանակակից քաղաքացիական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի նաև «անձնական սերվիտուտը», ինչը նշանակում է, որ սերվիտուտի պահանջը ոչ թե բխում է սերվիտուտ պահանջող անձի գույքը տիրապետելու կամ օգտագործելու անհրաժեշտությունից, այլ կոնկրետ անձից, ծավալած գործունեությունից և այլ գործոններից:

Ընդ որում` տվյալ դեպքում սերվիտուտ ստացած անձի փոփոխման դեպքում անձնական սերվիտուտը պետք է դադարի: Սրանով է պայմանավորված սերվիտուտի «անձնավորված» բնույթը: Սերվիտուտին վերաբերող կարգավորումները ընդգրկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-217-րդ հոդվածներում:

Նախագծով սահմանվում են ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) տեսակները՝ գույքային սերվիտուտը և անձնական սերվիտուտը: Քրմոյանի խոսքով՝ նախագծով հստակեցվել է գույքային սերվիտուտի հասկացությունը, նախատեսվել է նաև բացասական սերվիտուտի ինստիտուտը, այսինքն՝ նախատեսվել է, որ սերվիտուտի ուժով գերակա գույքի սեփականատերն իրավունք ունի ոչ միայն ինքնուրույն օգտվելու ծառայող գույքից, այլ նաև՝ ծառայող գույքի սեփականատիրոջը արգելելու այդ գույքից որոշակի ձևով օգտվել: Նախագծով, որպես անձնական սերվիտուտի տարատեսակ, նախատեսվում է ուզուֆրուկտի ինստիտուտը, որն առհասարակ բացակայում է գործող ՀՀ օրենսդրությունից:

Քրմոյանը նաև նշեց, որ օրենքում կատարվող փոփոխություններով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կունենանք հստակ ձևակերպված «անձնական» սերվիտուտի ինստիտուտը: Արդյունքում` սերվիտուտ հնարավոր կլինի սահմանել ոչ միայն պայմանավորված անձի կողմից իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի (հողամասի) օգտագործման անհրաժեշտությամբ, այլ կապված կոնկրետ անձից, նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից:

Կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, արտաքին գովազդով զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց ցուցանակները այլ սեփականատերերի հողամասերում տեղադրելու, կամ փոքր ճարտարապետական նմուշներ (օր.՝ արձաններ) տեղադրելու հետ կապված հարաբերությունները, որոնք այսօր կարգավորված չեն կամ թերի են կարգավորված: Նշենք նաև, որ ուզուֆրուկտի ամբողջական ներմուծումը հայկական իրավունք առավել որոշակի կդարձնի սեփականատիրոջ և գույքն օգտագործողի միջև հարաբերությունները: