կարևոր
1858 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-31 13:32
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին

Հոկտեմբերի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Ղազարավանի Սուրբ Նարեկ կանանց մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին։

Հանդիպման սկզբում քույր Ազատուհի Խաչատրյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մենաստանում մեկնարկել են հոգևոր և հումանիտար առարկաների դասընթացներ Ղազարավանի և հարակից գյուղերի դպրոցական երեխաների համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձրորեն գնահատեց մենաստանի քույրերի կողմից իրականացվող հոգևոր-կրթական առաքելությունը դպրոցականներին հայեցի կրթելու և  դաստիարակելու գործում։ Վեհափառ Հայրապետը կարևորեց դպրոցականների հաղորդակցությունը Եկեղեցու հետ, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում նրանց ճանաչելու Հայ Եկեղեցին, ծանոթանալու հոգևոր կյանքին, Աստծո խոսքին ու Տիրոջ պատվիրաններին։

Նորին Սրբությունը հորդորեց աշակերտներին ուսանել ջերմեռանդորեն, ապրել Աստծո պատգամներով, բարիք գործել, սիրել միմյանց ու հայրենիքը, որպեսզի դառնան Եկեղեցու ու ազգի արժանավոր զավակներ։

Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև դպրոցականների հարցերին, որոնք առնչվում էին հոգևոր կյանքին ու եկեղեցականի առաքելությանը։