Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կունենանք պաշտոնական դիրքորոշում, դուք առաջիններից մեկը կիմանաք»,- սա էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պատասխանը լրագրողների հարցին, թե ի՞նչ գնահատական կտա Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ կապված զարգացումներին:
«Գիտեք, որ գլխավոր դատախազը գրությամբ դիմել է երկրի վարչապետին` քննարկելու Գավառի քաղաքապետի նման վարքագծի արդյունքում նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Ավել բան չեմ կարող ասել»,- նշեց փոխնախարարը:
Նա դժվարացավ մեկնաբանություններ տալ նաեւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի գործունեության առնչությամբ: (Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով): Միայն ասաց, որ կառավարությունը չէր կարող մասնակից լինել գործունեության այն տեսակներին, որոնք հետո պիտի հարցեր առաջացնեին իրավապահ մարմինների մոտ:
«Եթե այդ հարցերն առաջացել են, ուրեմն կան էպիզոդներ, կան ինչ-որ գործընթացներ, նրբություններ, որոնց կառավարությունը կա'մ տեղյակ չի եղել, կա'մ դրանք կառավարության իրավասության շրջանակներում չեն եղել: Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա այս կարգի խոսակցություններում գնահատականները տեղին չեն: Պետք է սպասել, մինչեւ փաստեր ու ապացույցներ լինեն, դատական որոշակի եզրակացություններ, նոր միայն մեկնաբանել»:
Չնայած այս ամենին` Տերտերյանը, պարզվում է, համայնքի ղեկավարների մասին «լավ» կարծիք ունի: «Բայց կուզենայի, որ ավելի կազմակերպված լինեին, ավելի լուրջ վերաբերվեին իրենց դիրքին, հասարակական դերակատարությանը»,- անկեղծացավ նա` վստահեցնելով, որ եթե իր ասած «կուզենայի»-ներից գոնե ինչ-որ մասն իրականություն դառնար, ե'ւ համայնքում գործերը լավ կլինեին, ե'ւ գլխավոր դատախազն առիթ չէր ունենա նման միջնորդությունների:
«Շատ դեպքերում մենք հայտնվում ենք իրավիճակներում, որոնք կարող էին ունենալ հազար ու մի մարդկային բացատրություններ` էմոցիոնալ եւ այլն, բայց նույն պետական պաշտոնյան, համայնքային ծառայողը պետք է ավելի զգույշ լինեն իրենց վարքագծում, ապրելակերպում, որպեսզի հնարավորինս խուսափեն նման բաներից»,- ասաց Տերտերյանը եւ վստահեցրեց, որ մենք համայնքի շատ լավ ղեկավարներ ունենք, ավելին` գյուղական համայնքի ղեկավարները, նրա խոսքով, իդեալական են` «ոչինչ, որ օրենսդրությունից շատ բան չգիտեն, բայց որ սրտացավ են ու իրենց համայնքին վերաբերվում են ինչպես սեփական ընտանիքին, փաստ է»:
Փոխնախարարը, սակայն, չբացառեց, որ քիչ չեն նաեւ դեպքերը, երբ համայնքապետերն ադեկվատ չեն գնահատում այն պաշտոնը կամ իրավիճակը, որտեղ հայտնվել են:
Չի բացառվում, որ կառավարությունում վերջիններիս շարքն են դասում նաեւ Լոռու` արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանին: Ինչո՞ւ հեռացավ Քոչարյանը. Տերտերյանը նոր ասելիք չունի. «Լոռու մարզպետն աշխատանքից ազատման դիմում գրեց, կառավարությունն էլ հարգեց նրա որոշումը»:
Իսկ կառավարությունը նրան հարցրե՞լ է, թե ինչու է որոշել հեռանալ պաշտոնից. հետաքրքրվեցին լրագրողները: «Երեւի հարցրել է, ես չգիտեմ»,- պատասխանեց Տերտերյանը` հավելելով, որ դեռ առիթ չի ունեցել նրան հանդիպելու, եթե հանդիպի` կհարցնի: Ի դեպ, կառավարությունը գնահատել է Լոռու մարզպետի աշխատանքը. «Ինքն այս տարի առաջին, երկրորդ, երրորդ տեղերում չէր, բայց միջին տեղերում էր. ոչ շատ վերջում էր, ոչ շատ առաջ»,- ասաց տարածքային կառավարման փոխնախարարը: