Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը հարձակվել էր հայկական դիրքերի վրա, 20-ամյա Սաշա Գալստյանը 4-4,5 ժամ պահել է դիրքը, իսկ լուսադեմին զոհվել` փրկելով իր հետ եղած 3 զինծառայողների կյանքը:
Երբ 2015-ի հունվարին բանակ զորակոչվելու համար Սաշան գնացել է Արմավիրի զինվորական կայան, հարցրել են, թե ո՞ր օրն է ուզում գնալ` ութի՞ն, տասի՞ն, տասնչորսի՞ն, և Սաշան ընտրել է հունվարի 14-ը: Սպաներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ հենց հունվարի 14-ին, չլինի՞` վախենում է և ուզում մի քանի էլ ուշ գնալ բանակ, բայց նա պատասխանել է` ուզում է «մաքրված» գնալ բանակ` հունվարի 13-ին վերջին քննությունն է հանձնելու, հանձնի ու խիղճը հանգիստ բանակ գնա:
Սաշան մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր. Հոկտեմբերյանի պետական բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի «Հայբուսակ» համալսարան, և քանի որ կարմիր դիպլոմով էր ավարտել քոլեջը, միանգամից 3-րդ կուրս է նստում: Առաջին կիսամյակի ավարտին՝ 2015թ. հունվարի 14-ին, քննությունը հանձնել ու մաքուր խղճով գնացել էր բանակ ու ծառայության անցել Ջրակնում:
Սաշան եղել է սանհրահանգիչ, դիրքի ավագը, միևնույն ժամանակ գիշերային կապի ծառայությունն է ապահովել հրամանատարական դիտակետից /ՀԴԿ/:
Կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի մայրը` Սոֆի Գալստյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ տղայի հերոսական պատմության մասին մինչ այս չի խոսվել, քանի որ սկզբում իրենք էլ տեղեկացված չեն եղել: Տղայի զոհվելուց 3 ամիս անց Սաշայի հայրը գնացել է Ջրակն ու շատ բան պարզել: «Հրամանատարը` Հարություն Նալբանդյանը, պատմել է, որ Սաշը 4-4,5 ժամ դիրքը պահել է, ամբողջ թիկունքն է պահել: Սաշը պետք է սպասեր վիրավորներին, նրա գործը դա է եղել, բայց կազմակերպել է ու ամբողջ մարտը վերցրել իր վրա, ինչի շնորհիվ հրամանատարական դիտակետի երեխեքը, փառք Աստծո, այսօր ողջ են»,- պատմեց մայրը:
Տիկին Սոֆին ասաց, որ երբ հարևան դիրքից Ադամ Սահակյանը կապ է տվել ու ասել, որ իրենց վրա հարձակվել են, Սաշայենց դիրքում 6 հոգով են եղել: Հրամանատարը պայմանագրային մի զինծառայողի հետ պատրաստվել է գնալ Ադամենց օգնության, իսկ Սաշան սկսել է իրենց դիրքում պաշտպանությունը կազմակերպել:
«Հրամանատարը գնացել է Ադամենց մոտ, իսկ Սաշը սկսել է զենքերը դիրքավորել, ու 4 հոգով անցել են պաշտպանության: Սաշի հետ գտնվող տղաները պատմում են, որ երբ իրենք խուճապի են մատնվել, Սաշն ասել է` հանգստացե'ք, հիմա կտեսնեք, թե ոնց եմ ամեն ինչ կազմակերպում: Ու սկսել են կրակել` տարբեր ուղղություններով, տարբեր տեղերից, որ հակառակորդն իմանա` դիրքում շատ են: Սաշենց հարևան դիրքերից մեկի զենքերն էլ են Սաշենց մոտ եղել, քանի որ մեկ հերթափոխ առաջ այնտեղ ինչ-որ դեպք էր տեղի ունեցել, և երբ Սաշենց զենքերը վերջացել են, տղաս ասել է, որ գնան ու այդ զենքերն էլ բերեն: Ասել է, որ ինքը պատասխան կտա այդ քայլի համար: Վերջին 25 փամփուշտն է մնացել, սաղավարտի մեջ դրած բերել է դրանք, որ լիցքավորի ու նորից կրակի, բայց տղաներից մեկն ասել է, թե` սպասի'ր, Գարուշը թող քեզ կրակով պահի, նոր դիրքավորվի, բայց Սաշը զգացել է, որ ամեն վայրկյանը հաշիվ է, չի համբերել, պառկել ու հենց ուզել է կրակել, դիպուկահար կրակել է`մի կրակոցով սպանելով Սաշին»,- պատմեց հերոսի մայրը:
Երբ Սաշան վիրավորվել է, տղաները կապ են հաստատել հրամանատարի հետ ու զեկուցել այդ մասին, իսկ հրամանատարն ասել է, որ էլ չեն դիմանա, թող ներքև իջնեն: Սաշային պատգարակով իջեցրել են, իսկ վայրկյաններ անց դիրքից օտար ձայներ են լսել` հակառակորդն արդեն այնտեղ է եղել: «Սաշայի ընկերները պատմում են, որ ամեն վայրկյան սպասում էին` իրենց էլ են կրակելու: Շտապօգնությունը չի կարողացել տեղ հասնել` ականանետներից կրակել են բոլոր ուղղություններով… Տղերքն ամուր կապել են Սաշի գլուխը, որ չարյունահոսի, բայց ամբողջ գանգոսկրը բազմաբեկորային վնասվածքներ է ունեցել: Տղաները չեն կարողանում պատգարակով Սաշային տեղափոխել ներքև, քանի որ հակառակորդն ինտենսիվ կրակում էր այդ ուղղությամբ. Սաշան մնում է չեզոք գոտում: Սաշայի մարմինը 4 օր մնում է չեզոք գոտում, որից հետո հրամանատարն ու սերժանտ Տիգրան Հախվերդյանը գնում և դուրս են բերում նրան»,- ասաց մայրը:
Սաշան, ճիշտ է, ատամնաբուժականն է ավարտել, բայց զինվորական ընկերներին ասել է, որ զորացրվելուց հետո վիրաբուժական մասնագիտությամբ է շարունակելու կրթությունը: Տիկին Սոֆին նշում է` Սաշային զինվորական ընկերները «ջիգյար» անունով են «կնքել», բոլորին հասել է, իր բաժինը զինվորներին տվել: «Հարձակումից մի ժամ առաջ էլ թեյ են դրել, որ խմեն, իսկ թեյնիկը երկու բաժակ ջուր է տեղավորել: Սաշան իր բաժինը տվել է դրսում հերթափոխություն իրականացնող տղային: Երբ ես հարցնում էի, թե ի՞նչ ուղարկեմ, տղաս ասում էր, որ ոչ մի բանի կարիք չունեն, իսկ երբ շատ էի պնդում, միայն մուրաբաներ էր ուզում` ասելով, որ դիրքերում կանգնած իր զինվորների համար է, որ հանկարծ չհիվանդանան»,- պատմեց Սոֆի Գալստյանը:
Կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանն իր բոլոր լուսանկարներում ժպտում է: Մայրն ասում է`տղան շատ ուժեղ է եղել, և եթե անգամ նեղության մեջ է եղել, ոչ ոք չի իմացել այդ մասին: Լավատես ու կենսուրախ է եղել և որոշել` զորացրվելուց հետո կլինիկա բացել հարազատ Մեծամորում: «Ամեն անգամ, երբ հետը խոսում էի հեռախոսով, միշտ նույնն էր ասում, թե ամեն ինչ շատ լավ է իրենց մոտ, իրենց շատ լավ են նայում: Ասում էր` մա'մ ջան, չմտածես` հետ եմ գալու… Նա այնքան ճշտախոս էր, նրա խոսքն ինձ համար օրենք էր, և դրա համար էլ, երբ ասացին, որ զոհվել է տղաս, չէի հավատում` հակառակն էր խոստացել Սաշը…»,- ասում է տիկին Սոֆին:
Դպրոցական տարիներին` 3-րդ դասարանում, երբ աշակերտներին հանձնարարվել էր շարադրություն գրել «Խիզախության մասին», տղան գրել էր. «Խիզախությունը բնորոշ է հայ ժողովրդին: Միայն խիզախներն են հասնում հաղթանակի: Խիզախ է նա, ով իր կյանքը զոհում է հանուն հայրենիքի»:
Կարինե Հարությունյան