Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վիրավորումից մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստայանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Մասնագետների կողմից դիակի արտաքին քննությամբ, բացի ծնոտի (մուտքի անցք) և գլխի գագաթային (ելքի անցք) հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներից, այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Դիակից վերցվել են մատնադրոշմային, մազի, ինչպես նաև քսուքների նմուշներ»,- ասված է կայքին ուղղված պատասխանում:
Զոհված զինծառայողի մոր պնդմամբ՝ որդու մարմնին կապտուկներ են եղել: Նա միաժամանակ բացառել էր ինքնասպանության վարկածը: Զոհված զինծառայողի հարազատները Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ չեն հավատում, որ Շավարշն անձամբ նման բան արած լինի, թեև հնարավոր է նրան վախեցրել են: «Նա շատ խելոք ու դաստիարակված տղա էր, խնդիրների մեջ հաստատ չէր լինի»,- նշել էր մեր զրուցակիցը:
Նշենք, որ Շավարշը միակողմանի ծնողազուրկ էր, ընտանիքի միակ զավակը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, ինչպես նաև մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: Նշենք, որ հունվարի 25-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի վայրի զննությամբ մարտական դիրքի խրամաբջջում հայտնաբերվել է Գալստյանի դիակը՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա ՝ նստած դիրքում: Դիակի ոտքերի արանքում խզակոթի մասով դեպի ներքև, իսկ փողաբերանով դեպի առաստաղն ուղղված վիճակում հայտնաբերվել է Գալստյանին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը՝ ապահովիչը դրված ավտոմատ կրակահերքի դիրքի վրա: Զննությամբ խրամաբջջի հատակին հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մեկ պարկուճ:
«Ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում պարզվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնց մասին առավել մանրամասն տեղեկություններ, քննության այս փուլում, նախաքննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»,- հայտնել են ՔԿ-ից: