կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 14:45
Քաղաքական

Եթե առաջ սպառնում էին ինձ, հիմա անցել են այլ մեթոդների. Արթուր Բաղդասարյանի նախկին կուսակիցը սպասում է դատարանի որոշմանը

Եթե առաջ սպառնում էին ինձ, հիմա անցել են այլ մեթոդների. Արթուր Բաղդասարյանի նախկին կուսակիցը սպասում է դատարանի որոշմանը

Հայտնի է, որ «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հունվարի 10-ին վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ:

Yerkir.am-ի հետ զրույցում Ղազարյանը հայտնեց, որ դեռ պատասխան չի ստացել վարչական դատարանից: «Ես սպասում եմ, թե երբ պետք է վարչական դատարանից գա իմ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ որոշումը: Վարչական դատարան դիմել եմ հունվարի 10-ին, վարչական դատարանը երկշաբաթյա ժամկետում պարտավոր էր որոշում կայացնել և եռօրյա ժամկետում ինձ տեղյակ պահել որոշման մասին, բայց մինչ օրս ես չեմ ստացել պատասխան և սպասում եմ»,- ասաց նա` հավելելով, թե սպասում է պատասխանին, որպեսզի ասուլիսով հանդես գա:

Ղազարյանը նշեց, որ չի հետաքրքրվելու, թե ինչ կլինի իր հայցադիմումի հետ, այլ սպասելու է` տեսնի, թե որքան է տևելու դատարանի կամայականությունը: Ըստ նրա` դեկտեմբերի 19-ին հայցադիմումն ուղարկել էր առաջին ատյանի դատարան, որտեղից ևս ուշացումով պատասխանել էին, թե պետք է դիմի վարչական դատարան:

Ղազարյանի խոսքով` մինչ ինքը սպասում է դատարանի որոշմանը, ՀՎԿ անդամները hartak.am-ով տարբեր տիպի վիրավորանքներ են հնչեցնում իր հասցեին: «Իրենց hartak.am-ով իրենք բարբաջում են պարզապես, երևի հոգեվարքի մեջ են, նրանք մտածում են, որ այդպես էլ պետք է լինի»,- ասաց նա, ապա հավելեց. «Եթե առաջ սպառնում էին ինձ, հիմա անցել են այլ մեթոդների` փողոցին հարիր բառապաշարով, տարիք ու անձ հաշվի չառնելով, վիրավորելուն: Կայքերին տված իմ հարցազրույցների մեկնաբանություններում ՀՎԿ անդամները, կարելի է  ասել, կուսակցության ամենաբարձր մակարդակով` Էդգար Առաքելյան, Կարեն Թումանյան, վիրավորանքներ են հնչեցնում»:

Ըստ Ղազարյանի` ՀՎԿ անդամներն իրեն համարում են գործիք և նշում, թե իրեն օգտագործում են: «Տեսնում են, որ ես հարթակ եմ օգտագործում, նշում են, թե ինձ օգտագործում են, բայց իրենք են գործիք Արթուր Բաղդասարյան աճպարարի ձեռքին: Իրենք աճպարար են դարձել, իրենց թվում է, թե իրենք կուսակցություն ունեն, կուսակցական են, բայց քաղաքակիրթ մոտեցում չունեն: Նման մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն քաղաքականությունից խոսելու»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ղազարյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, նա նշեց, որ ցանկություն ունի, սակայն ֆինանսական խնդիր է առաջացել: «Չգիտեմ` դեռ ինչպես կստացվի, բայց կցանկանայի գոնե քաղաքական դաշտը մաքրվի աճպարար Արթուր Բաղդասարյանի նման անձերից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմենուհի Ղազարյանը հայց է ներկայացրել դատարան` պահանջելով «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հանել գրանցումից, իսկ դրա ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատասխանատվության ենթարկել: