Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգիներից մեկի կենդանիների աչքերն արդեն ժպտում են:
2016-ի հունվարի 19-ին Daily Mail-ն անդրադարձավ Գյումրիում գործող մինի կենդանաբանական այգուն` վերնագրելով հոդվածը «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգիներից մեկը»: «3 առյուծ, 3 արջ և 2 ծովախոզուկ` կիսաքաղց, իրենց փոքրիկ վանդակներում, դաժան պայմաններում՝ կրելով անբնական պայմանների լուծը, գտնվում են կիսախելագար վիճակում»,-գրված էր հոդվածում: Հոդվածը լայն արձագանքի արժանացավ. կենդանիների ճակատագրով շատերը սկսեցին հետաքրքրվել:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր վրա վերցրեց կենդանիների խնամքը: Կարճ ժամանակ անց արջերը` Մաշան ու Գրիշան, տեղափոխվեցին Ռումինիայի Bear Sanctuary` տեղի արջերի հայտնի ապաստարան` բուժման և վերականգնման նպատակով, իսկ առյուծները (Մերի՝ մայրը, Զիտա և Գիտա՝ ձագերը) մնացին այստեղ:
Yerkir.am-ի հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը նշեց, որ հիմնադրամը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) հիմնեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC): Առյուծներն այնտեղ են և, ըստ Մարտիրոսյանի, խիստ հսկողություն ներքո` շատ բարձր ցանկապատեր, զգուշացնող ցուցանակներ, ցանցապատ տարածք:
«Առյուծների վիճակը, ինչ մենք խնամքը հանձն առանք, նրանց քաշը կրկնապատկվեց, հատուկ մասնագետներ եկան ու նրանց առողջական վիճակով սկսեցինք զբաղվել: Առյուծներն իրենց լավ են զգում, միջազգային չափանիշներին համապատասխան սննդակարգ են ստանում: Բացի այդ` Կենդանաբույժների համաշխարհային միության հետ, որոնք ֆինանսավորել և աջակցել են մեզ, բանակցությունների մեջ ենք, որպեսզի լավագույն տարբերակը գտնենք առյուծների համար` Անգլիայում կամ Հարավային Աֆրիկայում ապաստարան տեղափոխելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ կենդանիները բոլորովին փոխվել են, և եթե նախկինում անառողջ վիճակում էին, հոգեվիճակը նույնպես վատ էր, ագրեսիայի ու վախի դրսևորումներ ունեին, հիմա իրենց լավ են զգում և սպառնալիք չեն զգում:
Ի դեպ, Daily Mail-ի լրագրողը կրկին նյութ է հրապարակել` գրելով, որ վերջապես սովամահ եղած կենդանիներ փրկվել են:
Նշենք նաև, որ անցած տարի Ուրցաձոր վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծը ճանկել էր մի տղամարդու ուսը: Տղամարդը հարբած էր եղել, ցանկացել էր մի փոքր զվարճանալ ու փորձել էր շոյել առյուծին, սակայն կենդանին, բնականաբար, հարձակվել էր տղամարդու վրա: Տղամարդու մուտքն այդ տարածք եղել էր անօրինական, և նա կարող էր օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվել: Եվա Մարտիրոսյանը նշեց սակայն, որ դեպքի հետ կապված բողոք չեն ներկայացրել, որոշել են ներել տղամարդուն: