Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ քարոզարշավի ընթացքի վերաբերյալ` Yerkir.am-ի հարցերին պատասխանել է ՀՀԿ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 8-րդ համարը զբաղեցնող Մարգարիտ Եսայանը:
- Տիկի'ն Եսայան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի քարոզարշավը: Ինչո՞ւ չկա այն «դրայվը», որը կար նախորդ համապետական ընտրություններում:
- Մեր կողմից իրականացվող քարոզարշավը գնահատում եմ գրագետ, տոլերանտ, ազնիվ եւ օրենքի տառին համահունչ: Մենք քարոզարշավի համար ընտրել ենք բարձր նշաձող եւ պահպանում ենք այն, քանի որ ռեալ գիտենք մեր հնարավորությունները: Մնում է` մեր մրցակիցները փորձեն հասնել մեզ։ Ինչ վերաբերում է դրայվին, իհարկե, այն կա, նայեք ու կտեսնեք այդ դրայվը մարդկանց աչքերում: Հասարակությունը հանրապետության գյուղերում եւ քաղաքներում սիրով եւ հավատով է դիմավորում մեր համամասնական ցուցակի առաջին եռյակին, դրայվը մարդկանց սերն է ու հավատը, որը մենք` որպես քաղաքական ուժ, պարտավոր ենք արդարացնել նորից ու միշտ։
- ՀՀԿ-ի ակտիվ քարոզչությունը տանում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Արմեն Ամիրյանը: Ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվել քարոզչություն իրականացնելու համար: Որևէ առարկություն չե՞ք ունեցել` այդ ընտրության հետ կապված: Ինչո՞ւ է երիտասարդ ՀՀԿ-ականներին վստահվել քարոզչությունը և բնակչության հետ հանդիպումը, մինչդեռ վաստակ ունեցող ՀՀԿ-ականները մնացել են ստվերում:
- Մի' մտահոգվեք ո'չ երիտասարդ հանրապետականների եւ ո'չ էլ հին ու ճանապարհ անցած հանրապետականների հարցերով: Մեր ներսում չկան խնդիրներ, որոնց մասին դուք ակնարկում եք, կուսակցության յուրաքանչյուր անդամ, շեշտում եմ՝ յուրաքանչյուր, անգամ` մարդիկ, որ այս ընտրություններում թեկնածու չեն, զբաղված են ամենօրյա քարոզչական աշխատանքով եւ տեղերում անում են ամեն ինչ` կուսակցության կատարած գործերը տեղերում ներկայացնելու, մարդկանց կողքին գտնվելու եւ քաղաքական մեր ուժի ընտրական հաջողությունն ապահովելու համար. բոլորն անելիք ունեն եւ անում են։
Ինչ վերաբերում է մեր ցուցակի առաջատարներին, նրանք են ակտիվ քարոզում, քանի որ ցուցակի առաջատարներն են, ի՞նչն է զարմանալի, մի՞թե տեսանելի չէ` փայլուն քարոզչություն են իրականացնում ե'ւ Կարեն Կարապետյանը, ում մեր ժողովուրդը սիրում է եւ մեծ հույսեր կապում նրա հետ, ե'ւ Վիգեն Սարգսյանը, ով նույնպես, իր բազմազբաղ լինելուն զուգահեռ, գնում է մարդկանց հետ հանդիպումների, եւ լավ է, որ գնում է, քանի որ, կարծում եմ, չկա հայ ընտանիք, որ բանակում զինվոր կամ զինծառայող չունենա, եւ մարդիկ իրենց շատ ապահով են զգում, երբ տեսնում են, թե ինչպիսի սիրով է պաշտպանության նախարարը խոսում մեր բանակի, մեր զինվորի եւ երկրի անվտանգության հարցերի մասին: Սրանք կարեւոր մանրամասներ են: Արփինե Հովհաննիսյանը նոր Հանրապետականի գեղեցիկ եւ գրագետ կերպարներից է, ում նույնպես մարդիկ լսում են հաճույքով եւ հավատում, որ նրա պես երիտասարդները կկարողանան ավելի փորձառուների կողքին լուծել առկա խնդիրները: Ինչ վերաբերում է մշակույթի նախարար, իմ լավ բարեկամ Արմեն Ամիրյանին՝ նրա ներկայությունը եւ մասնակցությունը քարոզարշավին նույնպես խիստ դրական եւ լուսավոր ազդեցություն ունի։ Հորդորս է՝ մի' մտահոգվեք, բոլոր, նաեւ` վաստակ ունեցող հանրապետականները զբաղված են, եւ այդ մասին արդեն խոսեցի, եւ լավ է, որ լրագրողներն են նկատում, որ ՀՀԿ-ի ներսում շատ են վաստակ ունեցող գործիչները, սա ապացուցում է բազմիցս նշված պնդումն առ այն, որ ՀՀԿ-ի կադրային բանկը շատ հարուստ է եւ ցանկացած պահի ե'ւ երիտասարդները, ե'ւ հները կարող են մեկը մյուսին լրացնել, ի տարբերություն այլոց, ՀՀԿ-ն ոչ միայն բազմանդամ է, այլեւ՝ որակյալ բազմանդամ։
- Դուք ակտիվ քարոզչություն իրականացնո՞ւմ եք։
- Անշուշտ, իմանալով ինձ, ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ ես ակտիվ չլինեմ: Իհարկե, ակտիվ եմ եւ կատարում եմ մեր շտաբի բոլոր հանձնարարությունները՝ ե'ւ հանդիպումներ ու զրույցներ, ե'ւ հարցազրույցներ եւ հանդիպումներ միջազգային դիտորդների, մոնիտորինգային խմբերի ներկայացուցիչների հետ, ե'ւ սոցկայքերում ակտիվ քարոզչություն, օրենքով սահմանված կարգով օգտվում եմ բոլոր քարոզչական ձեւերից։
- ՀՀԿ-ում վաստակ ունեցող կանայք այսօր քարոզչական առումով ստվերում են, չեն երևում, չեն խոսում, չեն մասնակցում, օրինակ` Հերմինե Նաղդալյանը, Դուք: Այս պարագայում առաջացած մարդկային խանդը ինչպե՞ս եք կառավարում: Խանդն, առհասարակ, քաղաքական կատեգորիա՞ է, թե՞ ոչ:
- Մարդկային խանդ այն իմաստով, ինչ դուք նկատի ունեք, մեր կուսակցության ներսում չկա: Ես կարող եմ խանդել իմ ամուսնուն, եթե ունենամ կասկածներ, բայց, փառք Աստծո, չունեմ կասկածներ։ Վաստակաշատ ՀՀԿ-ական կանանցից շատերն առաջադրված են ռեյտինգային կարգով եւ տեղերում իրականացնում են իրենց քարոզը: Ընդհանրապես, կուսակցության մեջ յուրաքանչյուրն իր անելիքն ունի, իր հանձնարարությունը եւ աշխատում է: Մենք ներսում ունենք կոլեկտիվի , մեկ ամբողջի ընկալում եւ մեր ամեն քայլ իրականացնում ենք դեպի անվտանգ Հայաստան, որպեսզի առաջընթացի ճանապարհը դարձնենք առավել տեսանելի եւ արդյունավետ։