կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 11:08
Հասարակություն

«Կարող է՝ վախեցրել են». զինծառայողի հարազատները չեն հավատում, որ տղան ինքնասպան է եղել (լուսանկարներ)

«Կարող է՝ վախեցրել են». զինծառայողի հարազատները չեն հավատում, որ տղան ինքնասպան է եղել (լուսանկարներ)

Երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով: Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Շավարշ Գալստյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, սակայն, նրանց ընտանիքը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան են տեղափոխվել այն ժամանակ, երբ Շավարշը 14 տարեկան է եղել: Մեզ հայտնի դարձավ նաև, որ տղայի հայրը մահացել է տարիներ առաջ, և նրա մահից հետո Շավարշն ու մայրը՝ Կարինե Ղահրամանյանը,  տեղափոխվել են Հայաստան:

Շավարշ Գալստյանի հորաքրոջ աղջիկը Yerkir.am-ին պատմեց, որ իրենց համար պարզապես անհասկանալի է և անհավատալի, որ Շավարշը կարող էր ինքնասպան լինել: «Ես չեմ հավատում, որ նա անձամբ նման բան արած լինի, թեև կարող է` վախեցրել են, ո՞վ իմանա: Նա շատ խելոք ու դաստիարակված տղա էր,  խնդիրների մեջ հաստատ չէր լինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Շավարշը ընտանիքի միակ զավակն էր, և նրա մահից հետո մայրը մնաց միայնակ: