Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր:
Yerkir.am-ին զինծառայողի մահվան դեպքի հանգամանքերի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Զինծառայողի հարազատները մեզ տեղեկացրեցին, որ քիչ առաջ է ավարտվել Հրանտի դիահերձումը, ու իրենք զինծառայողի մարմնի վրայի հետքերից ու դեպքի մասին որոշակի մանրամասներ իմանալուց հետո ենթադրում են, որ Հրանտ Գրիգորյանը ինքասպանություն չի գործել:
«Հրանտենք մի օր առաջ էին իջել դիրքերից, ու զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել: Ճանապարհին վատ է զգում Հրանտը, իր հրամանատարին տեղեկացնում է այդ մասին, բռոնեժիլետը հանում է ու էլի ասում, որ վատ է: Հրանտին թողնում են ճանապարհին, իրանք իրանց ճանապարհը շարունակում են: Հետո հաջորդ վաշտն է գալիս, որ գնա զորավարժությունների, տեսնում են դիակ, զանգում են էդ հրամանատարին, ասում`ձեր զինվորը զոհվել ա: Եվ հիմա խոսակցություն է գնում, որ ինքը ինքնասպան է եղել, բայց ասեմ, որ Հրանտը մեկ տարվա ծառայող էր, 11 ամիս շարունակ դիրքերում էր ու կոփված զինվոր էր: Մի քանի օրից էլ իրեն պետք է տանեին՝ զորամասում ֆելդշեր աշխատելու: Հիմա ասեք՝ տենց զինվորը ինչի՞ պետք է ինքնասպանություն գործեր»,- ասաց Հրանտ Գիրգորյանի պապիկը` Նորիկ Ավագյանը:
Ի դեպ, նա բացառեց այն տարբերակը, որ Հրանտը կարող է վատ զգալու արդյունքում, անզգուշաբար կամ էլ անկախ իրենից, կրակի ինքն իր վրա: «Չի կարող, անկախ իրենից, զենքը դնել բերանի մեջ ու կրակել: Ուզում եմ ասել նաև, որ Հրանտի երկու թևերի վրա կապտուկներ կային, երկու ոտքերի վրա էլ էլի հետքեր կային, դեմքին էլ` շրթունքի մոտակայքում, պատռվածք կար»,- պատմեց զինծառայողի պապը:
Նորիկ Ավագյանը նաև ընդգծեց, որ Հրանտը խելացի ու ազնիվ է եղել և գրեթե մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ անգամ չի ասել, որ որևէ խնդիր ունի: «Չեմ զգացել`ինչ-որ խնդիր ունի, ուսումնարանն ավարտած, ատամնաբույժ տղա էր: Ինքասպանություն ծրագրող մարդն ամեն օր կխոսի ու կասի, որ իրա մոտ ամեն ինչ լա՞վ է: Ո՞նց կլինի տենց»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։