կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 19:31
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ և որտե՞ղ է հեռանում Հովիկ Աբրահամյանը

Ինչո՞ւ և որտե՞ղ է հեռանում Հովիկ Աբրահամյանը

Նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Նրա այս որոշումը շարքայիններից համարել որևէ պարագայում հնարավոր չէ. իշխող կուսակցությունից փաստացի հեռանում է մարդ, որն այդ իշխանության առացնքային ֆիգուրներից է եղել՝ երկար ժամանակ փաստացի ընկալվելով որպես ՀՀԿ-ի երկրորդ դեմքը գործող նախագահից հետո և նրան փոխարինողի ամենահավանական թեկնածուն կամ թեկնածուներից մեկը: Այս քայլը հաստատում է ՀՀԿ-ում ընթացող ներքին խմորումների մասին, որոնք ոմանց կարծիքով կոնյուկտուրային ցնցումների դրսևորւմ են, ոմանց կարծիքով ներքին զտման: Փաստ է սակայն, որ այս հեռացումը, ինչը, ի դեպ, կարող է շարունակություն ունենալ, սկսվեց ու շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված կառավարման խորքային և գլոբալ փոփոխությունների շրջանակում: Ինչո՞վ է, սակայն բացատրվում Աբրահամյանի այս հեռացումը, դժվար է ասել: Դրա մասին կարելի է միայն կռահել՝ պատճառները փնտրելով Աբրահամյանի հայտարարությունների տողատակերում: Տվյալ դեպքում որոշակի եզրակացությունների հիմք է տալիս հեռանալու մասին հայտարարության այն հատվածը, որտեղ նա խոսում է թե թիմային աշխատանքը և հատկապես թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունն իր համար առաջնային լինելու մասին: Ըստ էության՝ Աբրահամյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ում այլևս չի տեսնում այնպիսի թիմ, որտեղ ինքնադրսևորվելու, իր քաղաքական նպատակներն իրականացնելու հեռանկարներ կամ հնարավորություններ ունի, որտեղ ինքն իրեն օտարված, մեկուսակցված չի զգում և, որ ամենակարևորն է՝ որտեղ հարգված է համարում իր արժանապատվությունը, թերևս նաև այն ծառայությունները, որոնք մինչ այդ մատուցել է նույն այդ թիմին՝ թե՛ ՀՀԿ-ի ղեկավար կազմում լինելով և, թե՛ պետական ամենաբարձր պաշտոններն զբաղեցնելով:

Արժանապատվության հարգման մասին ակնարկը թույլ է տալիս ասելու, որ ՀՀԿ-ից հեռանալու որոշման հիմքում անձնական վիրավորվածությունն, ամեն դեպքում առաջնային դեր է կատարել և դա հաստատում է, որ Հովիկ Աբրահամյանի տեսնակյունից ապագա իշխանական կոնյուկտուրայում գործող նախագահի, ՀՀԿ-ի վերնախավի կողմից իրեն չի հատկացվել կամ առաջարկվել այնպիսի դեր, այնպիսի կարգավիճակ, որը կհամապատասխաներ իր «մասշտաբին», հետևաբար փորձելու է ինքնաիրացման այլ դաշտեր որոնել: Չի կարելի բացառել, որ հեռացման պատճառը թաքնված է իր՝ այսպես կոչված իշխանության «ժառանգորդը» դառնալու, ապագա վարչապետի պաշտոնն զբաղեցնելու պլանների ձախողվածության մեջ վերջնականապես համոզվելը:

Դրանով է, թերևս, պայմանավորված, որ շնորհակալություն հայտնելով իր բոլոր կուսակցական ընկերներին, «մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին», Աբրահամյանը ոչ մի խոսք չի ասում գործող նախագահի հետ իր աշխատանքի մասին: Առավել ևս, որ հենց նրա վստահությամբ նա նախ զբաղեցրեց ԱԺ նախագահի, ապա նաև վարչապետի պաշտոնները, հենց նրա ղեկավարությամբ էր նախորդ մի քանի համապետական ընտրություններին ղեկավարում ՀՀԿ-ի, նախագահի վերջինիս թեկնածուի նախընտրական շտաբերը:

Ուշագրավ է նաև ՀՀԿ-ին ուղղված՝ Աբրահամյանի անուղղակի հետևյալ կսմիթը. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»: Մի կողմ թողնելով փաստացի ինքնագնահատմամբ զբաղվելու հանգամանքը՝ ակնհայտ է այդ որակներով օժտված գործիչների պակասի առումով ակնարկը կամ գուցե ՀՀԿ-ի հասցեին ուղղված թաքնված մեղադրանքները: Ո՞ւմ նկատի ունի նախկին վարչապետը: Եթե հաշվի առնենք, որ քաղաքական պրոցեսներից նրա մեկուսացումը սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո, ապա կարելի՞ է արդյոք կարծել, որ ՀՀԿ-ում իրեն փոխարինողների մեջ հայրենասիրության և պետականամետության պակասի մասին ակնարկներն ուղղված են գործող վարչապետին: Սակայն, որ մոտ երկու ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին, tert.am-ի հետ զրույցում Աբրահամյանը նշել էր. «Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն եւ բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում»։

Ամեն դեպքում այն, որ ինքն այլևս այդ հենարանի աղյուսներից մեկը չէ, փաստ է: Սակայն Աբրահամյանի հայտարարության մեջ ամենաաչքի զարնողն իր քաղաքական ապագայի մասով կատարյալ անորոշության իրողությունն է: Դրանում ոչ մի ակնարկ չկա, թե քաղաքական դաշտի ո՞ր բևեռում է իրեն պատկերացնում, հատկապես ինչպիսի՞ դերակատարության շրջանակներում՝ չնայած պնդմանը, թե շարունակելու է քաղաքական գործունեությունը:

Ենթադրվում էր, որ նա կարող է ՀՀԿ-ից դուրս գալով իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի դաշինք ընդգրկվել: Բայց անգամ այս մասով որևէ ակնարկ չի անում: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Ծառուկյանը մերժել է Հովիկ Աբրահամյանի այդ առաջարկը՝ թերևս հաշվի առնելով 2015թ. փետրվարին քաղաքականությունից Ծառուկյանի հեռացման հիմքերը դրած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Աբրահամյանի ունեցած ելույթը: Սակայն չպետք է մոռանալ, որ հենց Հովիկ Աբրահամյանի տանը, հետևաբար նաև նրա միջնորդությամբ դրանից բառացիորեն մեկ օր անց հարթվեց խնդիրը: Այս իմաստով ոչինչ բացառել չի կարելի, քանի դեռ ո՛չ Ծառուկյանը և, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանը ամբողջությամբ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները:

Այս պահին կարելի է ասել, որ հայտարարության մեջ ընդգծելով քաղաքական պլանների անորոշությունը՝ Աբրահամյանն ակնարկում է, որ բաց է առաջարկների համար և որևէ բևեռի հետ իր կամուրջներն այրել չի ուզում: Հարցն այն է՝ կհասկացվի՞ արդյոք նրա այդ դիրքավորումը: Աբրահամյանը գործող իշխանության առանցքային դեմքերից է եղել, մեծապես նրանով են պայմանավորվել համապետական բոլոր ընտրություններում գոնե վերջին 10 տարիներին ՀՀԿ-ի տարած հաղթանակները: Եվ այլընտրանքային դաշտում ցանկացած ուժ նման ֆիգուրի հետ համագործակցելուց առաջ այդ հանգամանքը հաշվի չառնել չի կարող: Իշխանությունից դուրս այլ դաշտում նրան ադապտացվելու, նրա հետ ադապտացվելու համար քիչ ժամանակ չի պահանջվելու: Մինչդեռ ԱԺ ընտրություններին ընդամենը երկու ամիս ժամանակ է մնացել: Այս իմաստով Աբրահամյանի ներկայիս վիճակն իսկապես դյուրին չէ: Ու պատահական չէ, որ իր այս հայտարարության մեջ նա խոսում է ոչ թե ԱԺ ընտրություններին իր մասնակցության, այլ ընդամենը քաղաքական դաշտում մնալու մասին: Իսկ դա կարող է նաև առավել հեռանկարային, հետընտրական ժամանակաշրջանի գործունեությանը վերաբերել:

Գևորգ Դարբինյան