կարևոր
1441 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-27 09:26
Քաղաքական

Կարեն Անդրեասյանը փորձում է պահել ԲԴԽ նախագահի աթոռը․ ինչո՞ւ են ՔՊ պաշտոնյաների հարազատները հեռանում ԲԴԽ-ից ․«Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանը փորձում է պահել ԲԴԽ նախագահի աթոռը․ ինչո՞ւ են ՔՊ պաշտոնյաների հարազատները հեռանում ԲԴԽ-ից ․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչո՞ւ են ԲԴԽ-ից հեռանում իշխանության հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հարազատները։ Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանցից ազատվում է նախագահի պաշտոնը պինդ պահելու համար, իսկ որոշ անդամներ էլ խորհուրդն օգտագործում են դատական համակարգի «ամենայուղոտ» ատյանում հաստատվելու համար։

Խոսենք փաստերով։

ArmLur.am-ը գրել էր, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։ Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երեւան քաղաքի դատավոր Արման Օհանյանի և ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Այսինքն` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գալու է ԱԺ եւ Վճռաբեկ դատավորների թեկնածուներին ներկայացնի ԱԺ-ին։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։

Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է, նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից։

Եվ, ահա, ստեղծվել է իրավիճակ, որ 2023թ. հոկտեմբերին Վճռաբեկ դատարան էին տեղափոխվել ԲԴԽ անդամներ Նաիրա Հովսեփյանը եւ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է ու, ըստ դատական համակարգի, նրա եւ ԲԴԽ նախագահի ջրերը մեկ առվով չէին հոսում, եւ Կարեն Անդրեասյանը գործարքի գնաց ու նրան ուղարկեց Վճռաբեկ դատարան։ Ավելի վաղ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Լիպարիտ Մելքիջանյանը, Սերգեյ Չիչոյանն էին ԲԴԽ-ից տեղափոխվել Վճռաբեկ։ Ստացվում է, որ ԲԴԽ-ն որոշ դատավորների համար դարձել է «գործիք» սեփական կարիերան կառուցելու համար, իսկ ոմանց էլ ուղարկում են գործարքի արդյունքում, որ պինդ պահեն ԲԴԽ նախագահի դիրքերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: