Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Նախընտրական մթնոլորտի, դաշինքների մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ, ով հավանական է` մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Մեր դիտարկմանը` նորանոր դաշինքներ են ստեղծվում, բոլորը միավորվում են, բայց ոչ ոք չի նշում` ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից, Սաֆարյանն արձագանքեց. «Ի՞նչ ասեն, եթե բոլորը ցանկանում են տեղ ապահովել իրենց համար խորհրդարանում, հատկապես` երբ տեղերը սահմանափակ են, և պատգամավորների թիվը` նվազեցված: Բավական բարդ և տհաճ գործընթաց է տեղի ունենում»:
Ըստ նրա` տպավորություն է, թե իշխանությունը փորձում է ազատվել օլիգարխիկ և օդիոզ դեմքերից: «Այնպիսի անուններ, որ կային նախորդ խորհրդարանում, այլևս չեն լինի` Մամվել Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, Մհեր Սեդրակյան, Հովիկ Աբրահամյանը` որպես օլիգարխ, և այլն: Այն տպավորությունն է, որ ՀՀԿ-ն մի կողմից ազատվում է բեռից, որը, որքան էլ ռեսուրսներ էր տալիս իրեն, այնուամենայնիվ, բերում էր ոչ քիչ խնդիրներ»,- ասաց քաղաքագետը:
Սաֆարյանի խոսքով` նաև այնպիսի տպավորություն է, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև կայացել է որոշակի համաձայնություն, որով որոշակի քվոտա է տրվում Ռոբերտ Քոչարյանին: Այս կարծիքը քաղաքագետը հիմնավորեց Գագիկ Ծառուկյանի վերադարձով և Հովիկ Աբրահամյանի անցումով դեպի այդ ճամբարը:
Քաղաքագետից հարցրեցինք` գաղափարական ուժեր ու դաշինքներ տեսնո՞ւմ է այս պահին, Սաֆարյանն արձագանքեց. «Գաղափարական կուսակցություններ կան` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Միակ դաշինքը, որ կարող ենք գաղափարական անվանել, «Ելքն» է, որում միավորվածները ազատական և աջ կենտրոնամետ ուժեր են»: Իսկ թե ինչպե՞ս կկազմակերպեն այս ուժերը իրենց քարոզարշավն ու ի՞նչ արդյունքներ կգրանցեն, ինչպե՞ս կգրավեն ընտրողին, ցույց կտան ընտրությունները:
Հարցին, թե ի՞նչ կերպ կազդի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից` թե' կուսակցության, թե' Աբրահամյանի վրա, Սաֆարյանը պատասխանեց, որ Հովիկ Աբրահամյանը, իհարկե, պատահական մարդ չէ ՀՀԿ-ից ներս և ՀՀԿ-ից դուրս: «Այն Հովիկ Աբրահամյանը, որին մենք գիտենք և որի մասին դատողություններ ենք անում, թերևս Հանրապետականի մեջ գտնվող Հովիկ Աբրահամյանն է, որին վստահում էին ընտրական գործընթաց, բայց մի բան է պետք հասկանալ` իշխանության կուսակցությունը այն կուսակցությունն է, որտեղ մարդը հզոր է, եթե այդ կուսակցության մեջ է, և շատ թույլ է, երբ դրանից դուրս է»,- ասաց նա:
Ըստ Սաֆարյանի` հասարակության մոտ հիմա կարծիք կձևավորվի, որ Սերժ Սարգսյանը մաքրում է իր թիմը: «Նրանք, ովքեր մտածում են, թե Հովիկ Աբրահամյանն իր ռեսուրսներով իշխանափոխություն է անելու, կա;մ միամիտ են, կա'մ ազնիվ չեն հասարակության հետ, որովհետև Հովիկ Աբրահամյանը տեսել է Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը, այսինքն` նա տեղյակ է` ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր փորձում են դուրս գալ իրենց համար սահմանված այդ գծից` կորցնել հարստությունից մինչև ամեն ինչ, ուստի` նրանց համար միայն իրենց տեղավորելու խնդիրն է»,- ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է իր մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քաղաքագետը նշեց, որ թեև այս պահին հստակ որոշում չունի, որոշում կկայացնի առաջիկա օրերին, սակայն դիտարկում է երկու առաջարկ, որոնք արվել են «Ելք» դաշինքի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից: «Ես դիտարկում եմ և' «Ելքից», և' «Ազատ դեմոկրատներից» ստացվող առաջարկները, բայց այնպես չէ, որ այլ առաջարկներ չեմ ստացել նախկինում, դրանք ո'չ հրապարակում եմ, ո'չ դիտարկում, որովհետև մենք տարբեր ենք, ուստի խոսում եմ միայն այս երկու առաջարկների մասին»,- ասաց նա:
Սաֆարյանի խոսքով` երկու առաջարկների դեպքում էլ տարբեր ռիսկեր կան, և ինքը չի ցանկանում, որ ինքն ու իր թիմը հայտնվեն դեպրեսիայի մեջ: «Այն, ինչ առաջարկվում է «Ելքի» կողմից, գրավիչ է այն առումով, որ դա երեք ուժերի դաշինք է, որոնց ղեկավարներից յուրաքանչյուրն ունի իր հանրային հեղինակությունը և դաշինքը կարող է ուժեղացնել: Նրանց հետ ես ռեյտինգայինով պետք է առաջադրվեմ: Ռեյտինգայինում ես իմ պոտենցիալով և նախկին արդյունքներին համաչափ կուժեղացնեմ իրենց, բայց այստեղ էլ, քանի որ համամասնական ցուցակում չկամ, կարող եմ հայտնվել 2012-ի իրավիճակում, երբ դաշինքը հաղթահարում է, բայց դու չես անցնում, և քո թիմը ուղղակի ամենամեծ ցավն է ապրում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ապա, Սաֆարյանի խոսքով, իրեն առաջարկել են կուսակցության ցուցակով բարձր հորիզոնական: «Այս դեպքում խորհրդարանում ներկայացվածության համար անհրաժեշտ է ոչ թե 7, այլ 5 տոկոսի շեմը հաղթահարել: Անցնելու դեպքում անցնում ենք բոլորս, պարտվելու դեպքում` պարտվում բոլորս: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում հանրային դեմքերի լայն ճակատ են փորձում ստեղծել, և այն անունները, որոնք կան ցուցակում, իսկապես, շատ հետաքրքիր են լինելու հանրության համար: Բոլոր ռիսկերով հանդերձ` առավել գրավիչը «Ազատ դեմոկրատների» առաջարկն է, բայց դեռ որոշում չունեմ»,- ասաց Սաֆարյանը: