|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2017-ի փետրվարի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրաhայում ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների տեղի կունենա «Հեռավորություն» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է «Արվեստը հանուն ժողովրդավարության» քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի վրա: Նախագծի շուրջ հավաքված են այն մարդիկ, որոնք քաղաքական հայացքների պատճառով ենթարկվել են ճնշումների, ձերբակալությունների և նրանց ընտանիքների անդամները:
Նմանատիպ նախագծերից բացի, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատում և դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում նաև միջազգային շատ կազմակերպություններ: Human Rights Watch-ը հունվարի 12-ին հրապարակել էր մարդու իրավունքների վերաբերյալ 2016-ի ամփոփիչ զեկույցը, որում տեղ էր գտել նաև Ադրբեջանը:
Զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանում 2016-ին խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների ու ճնշումների են ենթարկվել:
Ձերբակալվածներին առաջադրվում են թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ շինծու մեղադրանքներ, սակայն ձերբակալությունների իրական դրդապատճառները քաղաքական են: